Մասնագետները քննարկել են Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների անվտանգ տարհանման հարցը

  • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017, 10:22
Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի նիստերի դահլիճում կայացել է «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ առաջին հանրային քննարկումը: Քննարկման նպատակն էր ազդակիր համայնքի բնակիչներին, թաղապետարանի պատասխանատու բաժիններին՝ մասնավորապես բնապահպանական, ճարտարապետական և կոմունալ, ինչպես նաև խնդրով մտահոգ հանրությանը ներկայացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման խնդրի լուծման նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս նախագիծը առաջին բաղադրիչն է ՄԱԶԾ/ԳԷՀ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրով նախատեսված համալիր գործողությունների շարքում:

Նիստի ընթացքում ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը, ընդգծելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման կարևորությունը բնապահպանական, առողջապահական և սոցիալական տեսանկյունից, նշել է. «Այս կարևոր բնապահպանական խնդրի լուծման շուրջ համախմբվել են տեղական ինքնակառավարման, հանրապետական և միջազգային մի շարք կառույցներ՝ նպատակ ունենալով պաշտպանել մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը՝ ժամկետանց պեստիցիդների պաշարների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծման միջոցով»:

Ծրագրի ձեռնարկող խմբի անդամ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը քննարկման ընթացքում ընդգծել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծմամբ մտահոգված են և այս նախաձեռնությունը ողջունում են նաև հարակից համայնքների բնակիչները, ում հետ իրենք իրականացնում են պարբերական հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվություն տրամադրում ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Ծրագրի տեխնիկական մասի ղեկավար Վարդան Ծերունյանը ներկայացրել է բաղադրիչի տեխնիկական մանրամասները և նախատեսվող քայլերը, որոնցով պլանավորվում է իրականացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքների ապահովում, թաղված թափոնի արտափորում, տեղում փաթեթավորում, պիտակավորում և անվտանգ տեղափոխում/տարհանում՝ ոչնչացման նպատակով։ Հաջորդաբար կիրականացվի տարածքի մաքրում՝ արտափորված աղտոտված հողի հետագա աղտազերծման և ցածր աղտոտվածության հողի ու շինաղբի ապահով կուտակման, և տեղում պարփակման միջոցով, ինչպես նաև տեղանքի կայունացում՝ դրենաժային համակարգի վերականգնում և համապատասխան ինժեներա-կառուցապատման միջոցառումների իրականացում:

Էրեբունի վարչական տարածքի ղեկավարության անունից փոխթաղապետ Էդգար Մկրտչյանը՝ քաջատեղյակ լինելով Նուբարաշենի ԺՊ գերեզմանոցի խնդրին, իրենց աջակցությունն ու օժանդակության պատրաստակամությունն է հայտնել Երևան քաղաքի և ողջ հանրապետության համար կարևոր այս բնապահպանական խնդրի լուծման ուղղությամբ:

Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնող «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Տեր-Թորոսյանը ներկայացրել է նախագծի իրագործումից ակնկալվող էկոլոգիական և սոցիալական օգուտները, ինչպես նաև իրականացման փուլում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները, դրանց նվազեցման և մեղմման մեխանիզմները և պատասխանել համայնքի բնակիչներին մտահոգող հարցերին: Մասնավորապես Էդուարդ Միրաքյանին մտահոգում էր արտափորված պեստիցիդների պահպանման և տեղափոխման պայմանները կամ ոչնչացման հնարավոր ռիսկերը: Հարցին ի պատասխան՝ նշվել է, որ արտափորված թունաքիմիկատները փաթեթավորվելու են ՄԱԿ-ի ստանդարտներով սահմանված հատուկ անվտանգ տարաներում, և ոչնչացվելու են արտերկրում՝ բարձր ջերմաստիճանում այրման պայմաններում։ Թափոնի  տրանսպորտային տեղափոխումը/տարանցումը նույնպես ապահովվելու է հատուկ հերմետիկ բեռնափոխադրիչներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

«Էկոլուր» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկտորյա Բուռնազյանի հարցին ի պատասխան, թե որտեղ է նախատեսվում տեղակայել ոչնչացման նպատակով տարհանման ենթակա փաթեթավորված թափոնը, ծրագրի պատասխանատու Գայանե Ղարագեբակյանը նշել է. «Կախված է, թե ինչ որոշում կընդունվի տարհանման նպատակով ընտրվող գործարանի/երկրի վերաբերյալ, հնարավոր է թափոնը պահեստավորելու անհրաժեշտություն չլինի։ Այսպիսի լուծման դեպքում, ՄԱԿ-ի ստանդարտների համաձայն փաթեթավորված թափոնը անմիջապես կտեղափոխվի և կտարհանվի ոչնչացման երկիր/գործարան։ Այլ տարբերակով, փաթեթավորված թափոնի ժամանակավոր պահպանման համար տեղում կկառուցվի ժամանակավոր պահպանման պահեստ, կամ կդիտարկվի առկա պահեստի այլընտրանքային վայր: Այս հարցի որոշումը այժմ քննարկման/մշակման փուլում է»:

Խաչատուր Խաչատրյանը, ով Էրեբունի համայնքի բնակիչ է, քննարկման ընթացքում ընդգծել է, որ կարևորում և ողջունում է ԽՍՀՄ ժամանակ թույլ տված բնապահպանական սխալի ուղղումը. «Վաղուց պետք է ուշադրություն դարձվեր խնդրին: Հուսամ, որ մոտ ապագայում մեր երեխաները և թոռները կապրեն ավելի մաքուր և անվտանգ միջավայրում»:

Նախագծի բարեհաջող իրականացման արդյունքում հնարավոր կլինի՝

Ազդակիր համայնքների բնակչության առողջական ռիսկերի նվազեցում

Սողանքի ակտիվացման դեպքում, թափոնի և աղտոտման տարածման և Երևան քաղաքի համար մեծ ռիսկի վերացում

Տարածքին հարող ճանապարհների բարեկարգում և այլ ենթակառուցվածքների զարգացում

Շրջակա տարածքների սոցիալ-տնտեսական կարգավիճակի հնարավոր բարելավում և վարկանիշի» բարձրացում

Հարևանությամբ գտնվող ամառանոցային գոտու հնարավոր ակտիվացում

Երևանի մերձակայքում վտանգավոր նյութերի օջախի վերացում, լանդշաֆտի վերականգնում

Հարակից «Էրեբունի» արգելոցի վրա ազդեցության նվազեցում և գրավչության բարձացում

Ջրային (ստորգետնյա և մակերևութային) ռեսուրսների աղտոտվածության աստիճանի նվազեցում, հետագա աղտոտման կանխում

Հողերի աղտոտվածության աստիճանի նվազեցում

Կենդանական և բուսական աշխարհի վերականգնում:

Իրականացվող նախագծի վերաբերալ ազդակիր համայնքի բնակչության շարունակական պատշաճ իրազեկման ապահովման և նախագծի ընթացիկ մանրամասներին ծանոթացնելու նպատակով թաղապետարանի ընդհանուր բաժնում տեղադրվել են տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև կշարունակվեն իրազեկող այցելությունները Երևան քաղաքի Էրեբունի վարչական տարածքի Մուշավան և հարևան Ողջաբերդ և Գեղադիր համայնքներ:

Ամենաընթերցվածը