«Շնող» ՀԷԿ-ի կառուցումը կտևի չորս տարի

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 18:44
Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում: Այս մասին նոյեմբերի 13-ին հայտարարեց «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանն ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսի ժամանակ: «Դեռևս 1970թ. մշակված և 1998թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակություն այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել: «Տաշիր» ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել: Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան, որը թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտ*ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6 տոկոսը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարեն Դարբինյանը:

Նրա տեղեկացմամբ` ծրագրում մասնակցություն կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը և Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան։

Տաշիր ընկերությունների խմբի կողմից առաջիկա տարիներին նախատեսվում է 1 միլիարդ դոլարի ներդրում էներգետիկայի ոլորտում: «Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի (Հայաստանի Լոռու մարզ) հյուսիսային մասում. Ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն դոլար: Առաջիկա տարիներին շուրջ 900 միլիոն դոլար էլ կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցերում» էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցմանն ու էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը:

Ամենաընթերցվածը