«Տեսեք, թե ով է ներդրումներ անում». Հայաստանը վերածվում է մեկ-երկու օլիգարխի երկրի

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 17:05
«Տաշիր» ընկերությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացման համար 900 մլն դոլար ներդրում կանի 10 տարիների ընթացքում: Այս մասին Lragir.am-ին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ ուսումնասիրելով ընկերության ներդրումային ծրագիրը:

Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի ներդրողների ակումբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին մտադիր է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Մասնավորապես, 900 մլն դոլար ներդրվելու է ՀԷՑ-ի արդիականացման, 200 մլն դոլար՝ Շնող ՀԷԿ-ի կառուցման համար:

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ ՀԷՑ-ում ներդրումները կատարվելու են Համաշխարհային բանկի կառույցի և Եվրոպական զարգացման բանկի միջոցներով: Նույնը վերաբերում է Շնող ՀԷԿ-ին: Այնտեղ աշխատանքների մի մասը կատարվելու է ամերիկյան ընկերության ու Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: Սա պետք է ուղղակի մանրամասն ներկայացվեր հանրությանը, որովհետև բոլորի սպասելիքները հաստատ ուրիշ են եղել»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ «Տաշիր»  խումբը, հանդիսանալով ՀԷՑ-ի սեփականատեր, որոշակի պարտավորություններ ուներ և դրանց շրջանակներում պետք է ներդրումներ կատարեր: Այս տարի կառավարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել էին, որպեսզի ՀԷՑ-ը իր բաժնետոմնսերի մի մասը գրավ դներ, որպեսզի կարողանար ազատ միջոցներ ներգրավել՝ ներդրումներ անելու համար: Այսինքն, ըստ տնտեսագետի, սա սովորական տնտեսական գործունեության մի մաս է, որը կատարում են գործարարներն իրենց ամենօրյա աշխատանքում:

«Եվ սա մատուցել մեզ, որ առանձնահատուկ ներդրումային ծրագիր է, չեմ կարծում, որ տեղին էր»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ կառավարության այս տարվա ներդրումային ծրագիրը ձախողվել է: Տարեսկզբին հայտարարվում էր, որ Հայաստանի տնտեսությունում ներդրվելու է 850 մլն դոլար, բայց չեն կարողացել դա ապահովել:

«Եթե ձախողված չլիներ, կառավարությունում նոր հայտնագործություններ չէին անի՝ ամեն ձևով ապացուցելու, որ այդ ներդրումներն արվել են: Ազգային վիճակագրական ծառայությունն ասում է, որ չեն արվել, էլ պետք չէ ընկնել այս կամ այն կողմ: Մյուս կողմից էլ, Հայաստանի տնտեսությունը ընկալունակ էլ չէ մեկ տարվա ընթացքում նման ներդրումներ ներգրավելու»,- հավելեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այստեղ մտահոգության տեղիք է տալիս այն, որ տարիներ շարունակ ՀԷՑ-ում ներդրումներ են կատարվել, բայց արդյունավետություն չի գրանցվել, որովհետև մեթոդիկան, որի համաձայն հաշվարկում են շահութաբերության մակարդակը, լրիվ այլ նպատակ է հետապնդել:

«Այս շրջանակներում, երբ որ ես նայում եմ, թե ինչ է նախատեսվում 10 տարվա ընթացքում, մտավախություն է առաջանում՝ իսկ արդյոք դա չի՞ բերելու սակագնի թանկացման: Այսինքն՝ վերջիվերջո այդ փողը դուրս է գալու մեր գրպանից»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ բիզնեսը շատ լավ է զգում, թե Հայաստանում ինչ պայմաններ են և որոշում է՝ ներդրումներ անել այստեղ, թե ոչ:

«Տեսեք, թե ով է ներդրումներ անում՝ իշխանությանն ամենամոտ կանգնած մարդը, ով շատ վստահ է, որ ինքը խնդիրներ չի ունենա: Երկրորդը չկա, ես ցավում եմ ու շատ ափսոսում, որ չկա: Հիմա ստացվում է, որ Հայաստանը վերածվում է մեկ, երկու կամ երեք օլիգարխի երկրի», ասաց նա:

Ամենաընթերցվածը