Ինչու են նախարարն ու վարչապետը տարբեր թվեր հրապարակել

    • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 15:12
Հայաստանում այս տարի կատարված ներդրումների շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Ներդրումների վերաբերյալ բոլորովին վերջերս կառավարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տարբեր թվեր հրապարակեցին:

Նախ, հոկտեմբերի 18-ին ասուլիսով հանդես էր եկել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով ասել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել են շուրջ 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: 

Նախարարը նաև ասել էր, որ այս 1 մլրդ 24 մլն դոլար թվի մեջ ներառված են նաև վարկերը: Իսկ լրագրողների հարցին, թե կոնկրետ որքա՞ն են կազմել վարկերը, նա չէր հստակեցրել՝ նշելով, որ պետք է վերլուծություն իրականացնեն:

Այնուհետև նոյեմբերի 2-ին ասուլիսով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ներդրումների մասին բոլորովին այլ թիվ ներկայացրեց:

Ըստ վարչապետի՝ այս տարվա 8 ամիսներին կառավարության խոստացած շուրջ 800 մլն դոլար ներդրումների 45 տոկոսն է կատարվել Հայաստանի տնտեսությունում: 

Վարչապետն ասել էր, որ կանխատեսված 830 մլն ներդրումներից 8 ամիսներին կատարվել է 376 մլն-ն՝ 45 տոկոսը: Կարեն Կարապետյանը ևս շեշետել էր, որ այդ թվում ներառված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները, տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային իրականացվող ներդրումները: Վարչապետն իր ասուլիսում Կարայանի նշած 1 մլրդ 24 մլն դոլար թվի մասին անգամ ակնարկ չէր արել:

Իսկ այն, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ներդրումների բացասական ցուցանիշ էր հրապարակել, վարչապետը մեկնաբանել էր, որ հրապարակած պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել կառավարության կողմից հնչեցված ներդրումային ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը: 

Եթե հիմք ենք ընդունում Սուրեն Կարայանի հնչեցրած 1 մլրդ 24 մլն դոլար թիվը, ստացվում է, որ այս տարվա համար նախատեսված 830 մլն դոլար ներդրումների ցուցանիշը գերակատարվել է: Այնինչ, վարչապետ Կարեն Կարապետյանն իր ասուլիսում ասել էր, որ մինչև տարեվերջ ունենալու են 100 տոկոսին մոտ ցուցանիշ:

Ամենաընթերցվածը