«Մինչեւ հինգշաբթի կլինեն լավ անակնկալներ». Ուսանողները շարունակում են դասադուլը. news.am

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 11:22
Մինչեւ հինգշաբթի կլինեն լավ անակնկալներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԵՊՀ-ի գլխավոր շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող դասադուլավոր ուսանողներին դիմելով, նշել է «Հանուն գիտության» զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Նա ընթերցեց նախաձեռնության հայտարարությունը. «Մենք «Հանուն գիտության» զարգացման»  ուսանողական շարժման մասնակիցներս հայտարարում ենք, որ դատապարտում ենք ՀՀ Ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին հարցերի հանձնաժողովի նոյեմբերի 10-ին ամենգնով արտահերթ նիստ հրավիրելու ջանքերը, մթության քողի տակ, կասկածելի քվորումով ու կասկածելի լեգիտիմությամբ նիստի հապճեպ անցկացումը, դրա ընթացքում լայն հնչեղություն ունեցող, վիճահարույց օրինագծերի քննարկումը եւ հապճեպ եզրակացություն տալը: Մենք գտնում ենք, որ նման վարքագիծը հարիր չէ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի հանձնաժողովին»:

Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ ուրբաթ՝ նոյեմբերի 10-ի երեկոյան ուսանողները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ, նրանք պահանջում էին ներկա լինել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համար գլխադասային՝ Ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին հարցերի հանձնաժողովի նիստին, սակայն նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով: Սակայն դրանից մի քանի ժամ անց, գաղտնի արտահերթ նիստ  է հրավիրվել ու նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվել է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ:

«Մենք մինչեւ այժմ փորձել ենք օգտագործել օրինական պայքարի բոլոր հնարավոր խաղաղ եւ քաղաքակիրթ մեթոդները, բայց այսպիսի մեթոդի կիրառումը խաթարում է կողմերի միջեւ փոխհամաձայնությունների ձեռքբերումը: Այն ինչ տեղի ունեցած ԱԺ-ում, միայն չի վերաբերում ուսանողական նախաձեռնությանը, այլ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, քանի որ խորհրդարանը ժողովրդի քվեով ձեւավորված մարմին է»,-ընդգծեց Դավիթ Պետրոսյանը:

Ամենաընթերցվածը