Տիգրան Համասյանի համերգի օրը Գյումրիի հյուրանոցներում ազատ տեղ չկար

  • Ներքին կյանք - 12 Նոյեմբերի 2017, 13:31

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմից նոյեմբերի 11-ին կրկին հնչեց Տիգրան Համասյանի երաժշտությունը: Այս անգամ մենահամերգի տոմսերը  սպառվել էին դեռ 15 օր առաջ՝ այն պարագայում, որ տոմսի արժեքը Գյումրու համար բավական թանկ էր՝ 3 հազարից 7  հազար դրամ: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  աշխարհահռչակ դաշնակահարին լսելու էին եկել ինչպես գյումրեցիներն ու մայրաքաղաքից ժամանած  հյուրերը, այնպես էլ Համասյանի երկրպագուներ տարբեր երկրներից: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, եթե  սրանից 10 տարի առաջ Գյումրիում Համասյանի մենահամերգի տոնսերը դժվարությամբ սպառցվեցին, ապա այսօր շատերը  այդպես էլ չհասցրեցին տոմսեր ձեռք բերել: «Եթե նույնիսկ 3 համերգ ավելացնեինք, նույն կերպ տոմսերը կսպառվեին: Զանգենք Գյումրու ցանկացած հյուրանոց՝ կստանաք նույն պատասխանը՝ ազատ  սենյակ չլինելու մասին, և դա հասկանալի է, քանի որ  հանդիսատեսի հիսուն տոկոսը գյումրեցի չէ՝ հյուրեր ունենք Երևանից, Վանաձորից, Վրաստանից, նաև  Իրանից: Այս համերգը ոչ միայն օգնում է Գյումրու դրամատիկական թատրոնին, այլ նաև տուրիզմի մասով իր անելիքն անում է», նշեց  թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը՝ փաստելով, որ արվել է ամեն ինչ, որ Տիգրան Համասյան ստեղծագործողի բոլոր տեխնիկական պահանջները բավարարվեն:

Ինչպես նախորդ անգամ, երբ Տիգրան Համասյանը  նվագեց Գյումրու տնակային «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, ու հավաքված գումարը տրամադրվեց  բարեգործության, այս անգամ ևս համերգի ողջ  հասույթն ուղղվելու է բարեգործության՝ փոխանցվելու է «Գյումրու դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամ»-ին, որն էլ լուծելու է բնակարանային խնդիր ունեցող դերասանների բնակարանային հարցը:

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես հայտնի, այնպես էլ նոր սետղծագործություններ։ Ի դեպ, 2018 թվականի փետրվարին լույս է տեսնելու Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակը, որտեղ տեղ են գտնելու նոր կատարումներ: Ձայնասկավառակը  նվիրված է մաեստրոյի ծննդավայրին և կոչվելու է «For Gyumri»: Ձայնասկավառակից երկու ստեղծագործություն նա ներկայացվեց  մենահամարգի ընթացքում`«Արագած» եւ «Ինքնանկար»:

Մենահամերգի վերջին՝ «Լեննագան» ստեղծագործությունը Տիգրան Համասյանը կատարեց Գյումրու Օյունջյանի արվեստի եւ թիվ 7 երաժշտական դպրոցների սաների (ղեկավար` Ռուզան Շահպարոնյան) մասնակցությամբ:

Ամենաընթերցվածը