Տնկվում են ահռելի քանակի ծառեր, բայց Երեւանը չի «կանաչում»

  • Ներքին կյանք - 11 Նոյեմբերի 2017, 15:49
Երևանում այսօր համաքաղաքային շաբաթօրյակ է: Տարբեր վարչական շրջաններում տնկվում է 10 հազար ծառ: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը Lragir.am-ին ասաց, որ ընդհանուր առմամբ  աշնանային ծառատունկի ընթացքում Երևանում տնկվելու է 15 հազար ծառ, որից 10 հազարն այսօր, մնացածը՝ մինչև նոյեմբերի 25-ը:

Երևանում ամեն տարի կազմակերպվում են համաքաղաքային ծառատունկեր: Ավետ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ վերջին 5 տարիների ընթացքում Երևանում տնկվել է 200 հազար ծառ: Միայն այս տարվա գարնանային և աշնանային ծառատունկերի ժամանակ Երևանում մոտ 30 հազար ծառ է տնկվել:

Վարչության պետի խոսքով՝ տնկվող ծառերը միջինը 70 տոկոս կպչողականություն ունեն: Օրինակ՝ սոսին մինչև 70 տոկոս կպչողականություն ունի, գնդաձև ակացիան ու հացենին՝ 90 տոկոս:

Հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին 5 տարիներին Երևանի քաղաքապետարանը հսկայական գումարներ է ծախսել ծառատունկի համար: Մեկ տնկիի արժեքն սկսվում է 500 դրամից, հասնելով 800 դրամի: Իսկ սոսիի մեկ տնկին ավելի թանկ է՝ 2000-2500 դրամ:

Այս տարվա աշնանային ծառատունկի համար հատկացված է 5 մլն դրամ:

Ամեն տարի մեծ քանակի ծառատունկերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում: 200 հազար ծառը 5 տարվա ընթացքում լուրջ թիվ է, բայց Երեւանը մի տեսակ դեռ չի «կանաչում»: 

Ամենաընթերցվածը