Էներգախնայողությանն ուղղված վարկերը Հայաստանի բնակչությանը հասանելի դարձնելու խնդիր կա. ԵՄ ծրագրի փորձագետ

  • Ներքին կյանք - 08 Նոյեմբերի 2017, 14:59
Էներգախնայողության ոլորտի օրենսդրությամբ Հայաստանը գերակա դիրքում է, սակայն կան խոչընդոտներ դրանց կիրարկման առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԵՄ-ն էներգետիկայի համար» (EU4Energy) ծրագրի փորձագետ Աստղինե Փասոյանը Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտման և ոլորտում առկա խնդիրների քննարկմանը միտված համաժողովին: «Հայաստանում այս ոլորտն ունի շատ բարձր գերակայություն օրենսդրության իմաստով, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը բարեփոխել է օրենսդրությունը: Բացի դրանից՝ մենք ունենք էներգախնայողության գործողությունների պետական ծրագիր, որը շենքերի ոլորտին մեծ առաջնայնություն է հատկացնում, էներգախնայողության պոտենցիալը, կարելի է ասել, 30-50 տոկոս է»,-ասաց Աստղինե Փասոյանը:

Անդրադառնալով խոչընդոտներին՝ բանախոսը նկատեց, որ լավ օրենսդրությունը դեռևս բավական չէ, օրենքները պրակտիկայում կիրառելու համար աշխատանք է պետք կատարել: «Ինստիտուցիոնալ հզորությունների խնդիր ունենք, չկան բավականաչափ մասնագետներ, իրազեկ փորձագետներ՝ սկսած ճարտարապետներից, վերջացրած քաղաքաշինական տեսուչներով ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներով, որ հասկանան, թե ինչպես պետք է կազմակերպեն գործընթացը»,-նշեց փորձագետը:

Մյուս խնդիրը բանկերի կողմից վարկերի տրամադրման հետ է կապված ու չնայած բանկերում կան ֆինանսական ռեսուրսներ՝ ուղղված էներգախնայողության ծրագրերի վարկավորմանը, բանկերը խուսափում են վարկեր տրամադրել համատիրություններին, համայնքներին:  Բացի այդ՝ բնակչության համար հասանելի ֆինանսական արտադրանքի խնդիր կա: «Այս ոլորտի ֆինանսավորման վարկեր մեր բանկային համակարգում շատ կան, բայց դրանց արժեքներն ու տոկոսադրույքները շատ բարձր են, որպեսզի մասսայական դառնան բոլորի համար»,-հավելեց ԵՄ ներկայացուցիչը:

Ամենաընթերցվածը