«Կատարվեց այն, ինչ ցանկանում էր Ադրբեջանի նախագահը. Հիմա հանգիստ կարող է կրակել ինչքան ուզում է». Մանվել Սարգսյան

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2017, 19:27
Ժնեւում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման շուրջ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշել է, որ բոլորը սպասում էին հետաքննության մեխանիզմների հարցին: Ադրբեջանը տարուց ավելի բարդ քաղաքական վիճակում էր: Միջնորդները Վիեննայում կողմերին պարտադրել են նման մեխանիզմներ դնել, հետագայում ավելի կոնկրետացրել խնդիրը՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ կարող են պատժամիջոցներ կիրառվել զինադադարը խախտողների հանդեպ: Վիճակը ստիպել էր Ադրբեջանին մտածել՝ ինչ անել:

Մանվել Սարգսյանի խոսքով, Ժնևի հանդիպմանը Հայաստանը նահանջեց: «Հայաստանը չէր գնում և կարող էր չգնալ բանակցությունների, մինչև այդ պայմանը չկատարվեր: Ադրբեջանը պայքարեց, իսկ Հայաստանը հրաժարվեց այս պայմանից», ասել է Սարգսյանը:

Քաղաքագետի խոսքով, Ժնևի հանդիպումից հետո արված հայտարարությունը նշանակում է, որ այդ պարտադրանքը, որը հզոր քաղաքական լծակ էր Հայաստանի ձեռքին և զսպում էր Ադրբեջանի ռազմական գործողությունները, սադրանքները, փոխարինվեց նրանով, որ ընդամենը երկու հոգի ասացին, որ համաձայնվում են չկրակել: «Այ սա է կատարվել: Քարտ բլանշը վերադարձվել է Ադրբեջանին», նշել է նա:

Խոսելով բանակցությունների նպատակի մասին՝ նա ասել է. «Պետք էր հասկանալ ինչու ես գնում: Ադրբեջանի նախագահը գիտեր ինչի համար է գնում, նա գնում էր ապացուցելու աշխարհին, որ Հայաստանը չունի նման պահանջ: Ինչի համար է գնացել Հայաստանը: Սա հարցերի հարցն է»: Մանվել Սարգսյանի կարծիքով, այս անգամ նույնպես երևի որոշում է ընդունվել Ադրբեջանի շահից, Ռուսաստանի շահից ելնելով:

Նրա խոսքով, հետաքննության մեխանիզմը հզոր գործիք էր, որ միջազգային հանրությունը նվիրել էր Հայաստանին 140 զոհի դիմաց, և նման բանից հրաժարվելը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ:

Մանվել Սարգսյանը նշել է, որ ժնևյան բանակցությունը Հայաստանի համար պարտություն էր, քանի որ կատարվել է այն, ինչ ցանկանում էր Ադրբեջանի նախագահը:

Ըստ նրա՝ Ադրբեջանին ասում էին, քանի դեռ կրակում ես՝ բանակցություններ չեն լինելու: Հիմա հանգիստ կարող է կրակել ինչքան ուզում է:


Ամենաընթերցվածը