Տրանսպորտի նոր ցանցը կկազմվի մոտակա մեկ տարում. նախարար

    • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 16:12
Հայաստանի բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, կառավարության այսօրվա նիստում ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ներկայացնելով օրենքների փաթեթի նախագիծ:

Ըստ նախարարի՝ դրա շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար պետք է միավորել միջմարզային և ներմազրային երթուղային ցանցերը, երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով: Միասնական երթուղային ցանցի ձևավորումը վերապահվում է Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը:

Այս օրենքի նախագծի ընդունման դեպքում, ըստ Վահան Մարտիրոսյանի, ակնկալվում է բոլոր բնակավայրերի տրանսպորտով ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Մենք ստեղծում ենք օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն տրանսպորտային ցանցը, որը մենք ուզում ենք առաջարկել: Եվ նաև նախատեսում ենք ցանցը տրամաբանական կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի, որ երկարատև աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի և այն»: Նա նախարարին հարցրեց՝ օրեսնդրական փոփոխությունները կատարելուց հետո երբ են ձևավորվելու այդ նոր ցանցն ու նոր խաղի կանոնները:

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ օրենքն ընդունելուց հետո Արմավիրում պիլոտային ծրագիր կիրականացվի:

«Ժամկետները, մոտակա երկու-երեք ամսում երևի պիլոտը կիրականացվի: Իսկ ցանցի ժամկետներ դժվարանում եմ նշեմ, բայց երևի մի տարվա մեջ»,- ասաց նախարարը:

«Չէ, առաջին կվարտալի վերջ մենք տրանպորտային ցանցը նայում ենք: Ընդեղ բարդ բան չկա: Նայելու ենք ու տեսնենք, թե ինչպիսի ցանց է լինելու, ինչ ներդրողներ ենք ակնկալում, ինչ հնարավորություններ ենք ունենալու»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Կառավարության նիստից հետո Վահան Մարտիրոսյանը լրագրողներին ասաց, որ շատ դժվար է, բայց պետք է փորձել տեղավորվել վարչապետի նախանշած ժամկետների մեջ:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը