Խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ պետք է ձևավորվեն

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 12:01
Խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ պետք է ձևավորվեն, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական կենտրոններ:

Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին: Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ:

«Ելնելով վերոնշյալից և կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարաներին և Պետական  գույքի կառավարման վարչության պետին 10-օրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարակման կետրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ: Մասնավորապես, պետք է հստակ անդրադառնալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութւյանը հստակ տարածքներ հատկացնելու հարցին»,- ասաց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գոծընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով այդ մասին տեղեկատվություն:

«Ինչի՞ մասին է խոսքը: Մենք ունեինք ծրագիր, որով ստեղծել էինք սոցիալական ապահովության կենտրոններ բոլոր տարածքներում, որպեսզի մեր բնակչությանը տայինք որակյալ ու նոր կարգի ծառայություններ: Եվ նախատեսված էին վարկային  ֆինանսական միջոցներ, որպեսզի դրանց համար համապատասխան շինություններ կառուցվեն: Խոշորացման և համայնքային բարեփոխումների ծրագիրը ցույց է տալիս, որ մենք այնտեղ ունենք տարածքներ, որոնք կարող ենք օգտագործել, մեր ֆինանսական միջոցները խնայել և մեկ պատուհան գաղափարով մեկ հարթակ ստեղծել, որտեղ բնակիչը որակյալ ծառայություններ կստանա», ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ տնտեսված միջոցներն ուղղվելու են տեխնիկական վերազինմանը՝ ավելի որակյալ ծառայություն մատուցելու համար:

Ամենաընթերցվածը