Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 11:53
Կառավորության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի և առաջիկա շաբաթօրյակի մասին: Նա ասաց, որ նախորդ ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում:

Արդյունքում՝ այս տարվա հոկտեմբերի երեքի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր: Մշակվել և ԱԺ է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագիծը:

Հաշվի առնելով այն, որ չնայած արձանագրված հաջողություններին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված, շարունակական միջոցառումների, Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ հետևողականորեն «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շարունակել աշխատանքները:

«Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պետք է ապահովի հոկտեմբերի 21-ին կայանալիք երրորդ համապետական շաբաթօրյակի անցկացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Պարոն Լոքյան, մենք նաև այն ծրագրերն ու ժամանակացույցերը, որ կազմել ենք, հետևողական պետք է գնանք: Մինչև տարվա վերջ 100 տոկոս պայմանագրերը պետք է կնքվեն», հանձնարարեց վարչապետը:

Ամենաընթերցվածը