Էներգետիկան կզարգանա՞ առանց միջին օղակի մասնագետների

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 17:23
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը պաշտոնական վիճակագրական տվյալներով վերջին տարիներին մշտապես գտնվել է «վերելքի» ճանապարհին: Սակայն 2016թ. սեպտեմբերին պարզ դարձավ, որ տնտեսության վիճակը մեղմ ասած բավարար չէ և ինչ-որ տեղ մտահոգիչ է:

Եվ ահա այստեղ խնդիր դրվեց օպտիմալացնել ոլորտներ, առանձին կառույցներ և կազմակերպություններ միավորել, ոչ արդյունավետ գործունեություն ծավալող, սակայն պետբյուջեից սնվող ՊՈԱԿ-ները պարզապես փակել:

Գաղտնիք չէ, որ էներգետիկան ցանկացած տնտեսության զարգացման հիմքն է և մեր երկրում այն համարվում է առաջատար և շահութաբեր ոլորտ:

Բնականաբար, պետք է ենթադրել, որ ոլորտի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է ոչ միայն հումքային պաշարներից, այլև առաջնային է մարդկային գործոնի դերը՝ մասնագետների որակավորումը տարբեր օղակներում և ստորաբաժանումներում:

Ոլորտի արդյունավետ աշխատանքի կազմակերպման գործում լուրջ անելիքներ ունեն ոչ միայն բարձրագույն կրթություն ստացած ինժեներական կադրերը, այլև միջին օղակի մասնագետները:

Ի դեպ, էներգետիկ ոլորտի միջին օղակի մասնագետներ պատրաստել է և պատրաստում է հանրապետությունում եզակի քոլեջ՝ Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը:

Այս քոլեջի ճակատագիրը մշուշոտ է, քանզի ԿԳՆ-ից ստացված 06.09.2017թ. թիվ 01/08.1/11987-17 գրության համաձայն վերը հիշատակված քոլեջը և Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը միացման ձևով վերակազմավորվելու են իբրև «Աբովյանի պետական քոլեջ»:

Աբովյանի էներգետիկական քոլեջը շուտով կնշի իր գործունեության 50-ամյակը: Այս կոլեկտիվի ուժերով կրթվել և դաստիարակվել են մեծ թվով մասնագետներ, հատկապես էներգետիկայի բնագավառում:

2005թ. սկսած քոլեջը պայմանագրային հիմունքներով մասնագետներ է պատրաստել նաև գազի բնագավառի համար:

Այսօր մտահոգիչ է, որ էներգետիկայի ոլորտում միջին մասնագիտական պատրաստավածություն ունեցող կադրերի պատրաստման խնդիրը դրվում է օպտիմալացման հարթության վրա: Հանրապետությունում հումանիտար կրթությամբ մասնագետների պակաս չի զգացվում, սակայն ինժեներական և հատկապես միջին օղակի մասնագետների անհրաժեշտությունը արդիական է:

Կարծում եմ, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի նկատմամբ պետք է դրսևորել ուշադիր վերաբերմունք և ընդհանուր օպտիմալացման խնդիրների շրջանակում դրսևորել առանձնահատուկ մոտեցում:

Էներգետիկ ոլորտում ցանկացած ներդրում իրականացնելու պայմաններում առանց միջին օղակի մասնագետների արդյունավետ աշխատանք դժվար է կանխատեսել:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

Ամենաընթերցվածը