«Ես եմ» ծրագիրը որևէ կապ չունի դեմոգրաֆիական խնդիրների հետ. Վիգեն Սարգսյան

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 15:31
«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումները Հայաստանի դեմոգրաֆիական իրավիճակի հետ որևէ կապ չունեն, այսօրվա խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Ես եմ» ծրագրով կառավարությունը ժամկետային զինծառայողներին առաջարկում է երեք տարվա ծառայություն, որից 7 ամիսը նրանք լինելու են արձակուրդում: Իսկ ծրագրին մասնակցողները երեք տարի անց իրենց հաշվեհամարին ունենալու են 5 մլն դրամ, որը կարող են ծախսել բնակարան գնելու, ուսման կամ բիզնես հիմնելու նպատակով: Մասնագետները կարծում են, որ արտագաղթի ֆոնին սրվում են դեմոգրաֆիական խնդիրները, և հետևաբար կառավարությունը փորձում է 5 մլն դրամով գրավել երիտասարդներին, որպեսզի նրանք չարտագաղթեն ու գնան ծառայության: Այս հարցն այսօրվա լսումների ժամանակ բարձրացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Վիգեն Սարգսյանը հակադարձեց. ««Ես եմ» ծրագիրը որևէ կապ չունի դեմոգրաֆիական խնդիրների հետ, որովհետև մենք որևէ ձևով ծառայողների թիվ չենք ավելացնում: Մենք այս օրենքը չեն ընդունում սպաների կամ շարքային  կազմի քանակ ավելացնելու համար, մենք ուղղակի վերաբաշխում ենք բեռը և պայմանագրային հնարավորություն ենք տալիս նաև շարքային կազմի զինծառայողներին»:

Նախարարը հիշեցրեց, որ ծրագրի մասնակիցները երեք տարի ծառայության ընթացքում յոթ ամիս արձակուրդում են լինելու, և չափազանց պարզունակ կլիներ, եթե ընդամենը հինգ ամսով ծառայության ժամկետը երկարացնելու համար կառավարությունը նման քայլի գնար:

Ամենաընթերցվածը