Հայբուսակն արձագանքել է Lragir.am կայքում հրապարակված նյութերին

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 14:55
Հայբուսակ համալսարանի արձագանքը Lragir.am կայքում հրապարակումներին.

«Ծանոթանալով Lragir.am կայքի կողմից Հայբուսակ համալսարանի մասին հրապարակված անհիմն նյութերին, հարկ ենք համարում նշել, որ, ցավոք, մեզ մոտ առողջ մրցակցություն դեռևս չի ձևավորվել և հաճախ այն փոխարինվում է չարախոսությամբ․․․

Երևանի Հայբուսակ համալսարանը իր գործունեության 27 տարիների ընթացքում լայն ճանաչում է ստացել Հայաստանում և արտերկրում։ Հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, միշտ ձգտել է աշխատել բաց և թափանցիկ, մշտապես տեղեկացնելով մեր հանրությանը իր գործունեության մասին, լինելով պատրաստակամ պատասխանել ԶԼՄ-ներին և բոլոր արտաքին շահակիցներին հուզող և հետաքրքրող հարցերին։ Սակայն ձեր կայքում տեղ գտած նյութերը՝ «Հայբուսակը պարբերաբար հայտնվում է միջազգային սկանդալների մեջ, բայց շարունակում է ուսանողներ ներգրավել» և «Իսրայելցի պաշտոնյան Լևոն Ալթունյանի հետ հանդիպմանը դժգոհել է Հայբուսակի կադրերից» նախապես չեն ճշտվել մեզ հետ, հետևաբար, պարունակում են, մեղմ ասած, ապատեղեկատվություն։ Ուստի ստորև ներկայացնում ենք մեր ճշտումները․

Իսրայելից ժամանած պաշտոնյաների այցի նպատակներից մեկն էր ծանոթանալ հայաստանյան որոշ ԲՈՒՀ-երի գործունեությանը, այդ թվում և Հայբուսակ համալսարանի։ Մեր համալսարանում տեղի է ունեցել աշխատանքային, կառուցողական հանդիպում, որի ընթացքում Իսրայելի կողմը գոհունակություն է հայտնել բժշկական ֆակուլտետում գործող մասնագիտական կրթական ծրագրերի, դասախոսական կազմի, կլինիկական բազաների տեխնիկական հագեցվածության վերաբերյալ։

Հանձնախումբը հայտնել է մեզ, որ մեր շրջանավարտները արդեն իսկ ստացել են մասնագիտական քննություններ հանձնելու իրավունք Իսրայելում և շնորհավորել է մեզ այդ առիթով։ Ինչ վերաբերվում է ինչ-որ 12% հաջողելուն, ապա այդ մասին խոսք չի եղել և չէր կարող լինել, քանի որ քննություն հանձնելու թույլտվությունը եղել է վերջերս և դեռևս արդյունքներ չկան։ Որևէ կեղծ փաստաթղթերի մասին չի խոսվել, որևէ փաստ չի ներկայացվել մեր համալսարանին։ (Ողջ հանդիպումը տեսագրված է)։

Ի դեպ մենք Իսրայելի կողմին գրություն չենք գրել բացատրության պահանջով, դրա կարիքը չկա, մենք պարզապես շնորհակալական նամակ ենք ուղարկել Իսրայելի Առողջապահության նախարարություն և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար, որի առաջարկը ստացել ենք իրենցից։

Ինչ վերաբերվում է տարիներ առաջ Սիրիայից ժամանած պաշտոնյաների այցին Հայաստան, ապա հարկ է նշել, որ մեր համալսարանի հետ կապված որևէ «սկանդալ» մեզ հայտնի չէ, սկանդալային փաստի մասին մենք տեղեկություն չենք ստացել ոչ Սիրիայի նախարարությունից, ոչ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից։ Թե ինչու Սիրիայից դադարեց ուսանողների հոսքը հարցին, կարծում եմ, ավելի ստույգ կպատասխաներ այդ երկրի Առողջապահության նախարարությունը, որի բարձր պաշտոնյաները 1 տարում բացեցին 2 մասնավոր բժշկական համալսարան․ հետևությունները թողնում ենք ձեզ․․․

Հոդվածում նշվում է, որ 2010թ․մեր համալսարանին չի տրվել օտար լեզվով դասավանդելու իրավունք։ Ճիշտ է, չի տրվել, քանզի մենք այն ունենք 2006թ․- ից անժամկետ։ 2010թ․նախարարության կողմից այն անհիմն չեղյալ է համարվել, ներկայում այդ թույլտվության իրավունքը վերականգնված է։

Եվ վերջին դրույթը, այն մասին, թե համալսարանը հայտնվել է քննչական մարմինների ուշադրության կենտրոնում օտարերկրյա ուսանողների ընդունելության հարցի հետ կապված․․․Հայտնում ենք ձեզ, որ ՀՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելության հստակ կանոնակարգը, ըստ որի , օտարերկրյա քաղաքացիները ԲՈՒՀ են ընդունվում պատկան մարմինների գիտությամբ և թույլտվությամբ։ Համալսարանը ընդամենը ներկայացնում է դիմորդի անձնական գործը։

Իսկ քննչական մարմինը քննություն է վարում 3 տարի առաջ համալսարանից հեռացված ուսանողի հարցով, որի վերաբերյալ մենք ներկայացրել ենք պահանջվող բոլոր փաստաթղթերը։ Դեպքը մանրամասն չենք ներկայացնում, հարգելով նախաքննության գաղտնիությունը և անմեղության կանխավարկածը, ինչը, կարծում ենք, պետք է հաշվի առնեին այդ տեղեկությունները ձեզ հանձնած մարմինները»։

«Հայբուսակ» համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Ամենաընթերցվածը