Ինչ բարեփոխումներ են սպասվում զինծառայողներին

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 12:09
Կառավարությունը մտադիր է փոխել նորակոչիկների բուժզննման կարգը, այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այսօր, երբ մեր գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկներ, երբ պետությունը վճարում է հատկապես նախազորակոչային տարիքի քաղաքացու համար երկու անգամ ամբողջական բուժզննման անցկացման համար, բացարձակ անիմաստ է հսկայական գումարներ ծախսել պետական բյուջեից Զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար: Քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջական վիճակի գնահատաման ձև, որի տակ իր կցագրման առաջնային սպասարկման բուժհաստատությունը՝ պոլիկլինիկան կամ ամբուլատորիան, պետք է պարտականություն ունենա ստորագրելու, ասելու՝ ես զննել եմ, քաղաքացին այս հիվանդությունն ունի: Դրանից հետո դա ավտոմատ որոշման կայացման հիմք է: Իհարկե, մենք նախատեսում ենք, որ հանրապետական հանձնաժողովը պետք է շարունակի գործել, բայց ձգտում ենք, և հիմա աշխատանքային խումբ է այդ ուղղությամբ աշխատում, ձևավորել փորձագիտական լրջագույն կարողություններ, որպեսզի այդ հանձնաժողովը ևս վերջնական պատասխանատվություն կրի իր տված եզրակացության համար: Չպետք է լինի այնպես, որ երեք տարբեր բուժհաստատություն գործուղի նորակոչիկին, տարբեր եզրակացություններ ստանա ու մտածի՝ Էրեբունի հիվանդանոցի տված թուղթն է արժանահավատ, թե՞ Արմենի բժշկական կենտրոնի»:

Սպայական բնակարանային ապահովման հարցում ևս փոփոխություններ կարվեն: Վիգեն Սարգսյանն ասաց, որ սա պետության համար հարցերի հարցն է, քանի որ սոցիալական խնդիր է և անմիջապես առնչվում է զինվորական ծառայության նկատմամբ գրավչության հարցին:

«Մենք օրենքում ունենք որոշակի պարտավորություն, որ շատ վատ բնակարանային պայմաններ ունեցող սպան ծառայության ժամանակ կարող է հերթագրվել և երբևէ ստանալ անվճար բնակարան: Ծրագիրը փորձ է արվել հետևողականորեն իրականացնել, բայց տարիների ընթացքում նման կարգով բնակարան է ստացել մոտ 1700 սպա: Դա բավական մեծ ֆինանսական բեռ է եղել, բայց չի լուծել լուրջ խնդիր: Պատճառն այն է, որ այդ կարգավորումները, որոնցով նվազագույն շեմ պետք է լինի և այլն, ստեղծել են մեծ խնդիր՝ սպան արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը, ցույց է տվել, որ ունի բնակարանի կարիք: Արդյունքում՝ ձևավորվել է հսկայական ցուցակ, 1700 մարդ ստացել է, մոտ երկու այդքան էլ հերթագրված են»,- ասաց նա:

Փոփոխություններով առաջարկվում է այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները դեռ քննարկվում են, նոյեմբերին նոր կներկայացվի ծրագիրը: Ըստ նախարարի՝ խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ էապես լավ պայմաններով բնակարան ձեռք բերելուն: Եվ ծառայության ընթացքում մեկ անգամ այդ ծրագրից օգտվելու հնարավորություն կունենա նաև այն սպաները, ովքեր հատուկ են վատթարացնում իրենց բնակարանային պայմանները: Այդ ծրագրին դիմելուց հետո, ըստ նախարարի, սպայի համար բնակարան ձեռք բերելը դառնալու է երեք տարվա խնդիր:

Սպայական թոշակների հարցը ևս կառավարության ուշադրության կենտրոնում է: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ զորացրումից հետո սպան մնում է զինվորական թոշակի հույսին, ինչը բարդացնում է նրա սոցիալական վիճակը: «Մենք ուզում ենք մոդել առաջարկել, որով սպան կկարողանա ծառայության ընթացքում կուտակել: Եվ եթե նոր մոդելն աշխատի, մեր հաշվարկով, 65 տարեկանում սպայի ստացած թոշակը լինելու է հավասար այդ պահին ծառայող սպայի աշխատավարձին»,- նշեց նա:

Գործող օրենսդրությունից ընդհանրապես հանվել է «խաղաղ պայմաններում ոչ պիտանի է զինվորական ծառայության համար» հասկացությունը: Նախարարի խոսքով, եթե անձը խաղաղ պայմաններում պիտանի չէ զորակոչին, չի անցնում որևէ պատրաստվածություն, ապա պատերազմի ժամանակ նա պետք չէ բանակին, միայն մարդահաշիվ է լինելու: Բայց այդ անձինք կարող են պատերազմի ժամանակ կամավոր գնալ առաջնագիծ ու ինչ-որ ձևով օգնել:

Գործող օրենսդրությամբ՝ ռազմական ինստիտուտն ավարտած սպայի ծառայության առաջին ժամկետը սահմանված է 20 տարի, ըստ նախարարի, դա շատ է խանգարում երիտասարդներին կողմնորոշվելու դեպի սպայական կրթություն: Նոր փոփոխություններով այդ ժամկետը կրճատվել է՝ սահմանվելով 10 տարի: Ւսկ ընթացքում սոցիալական ծրագրերով խրախուսելու են, որպեսզի սպան երկարացնի պայմանագրի ժամկետները:

Տարածքային արտոնությունից օգտվող զինծառայողների համար էլ նախատեսվում է այդ տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ:

«Մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է օգտվել միայն կամավոր հիմունքներով: Ընդ որում, որպեսզի չլինի այն մտավախությունը, որ զորամասում իրեն պարտադրելու են, որ գրի հրամանատարության ցանկացածը, այս դրույթը վերաբերում է միայն «Ես եմ» ծրագիրն ընտրող քաղաքացին»,- նշեց նախարարը:

Իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովներն այս փոփոխություններով վերանալու են, գործելու են միայն մարզային հանձնաժողովները: Ըստ նախարարի, տեղական հանձնաժողովների գործունեությունն ընդամենը պատասխանատվության լղոզման որոշակի ձև էր:

Ամենաընթերցվածը