Զինծառայությունից տարկետումները կփոխարինվեն արտոնություններով

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 11:37
Պաշտպանության նախարարությունը «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումներ է առաջարկում, որոնց վերաբերյալ այսօր խորհրդարանական լսումներ են անցկացվում:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս փոփոխությունները երեք հիմնական նպատակ ունեն: Առաջինը, օրենսդրությունը պետք է համապատասխանեցնել նոր Սահմանադրության դրույթներին: Հատկապես «Պաշտպանության մասին» օրենքով պետք է ներդրվի իշխանության ճյուղերի պատասխանատվության, պարտականությունների և լիազորությունների սահմանման գործառութ, որպեսզի սահմանադրական փոփոխությունները հնարավոր լինի լուծել գործնականում:

Երկրորդ նպատակը կոնսոլիդացումն է: «Տարիների ընթացքում պաշտպանության ոլորտում ընդունվել են բազմաթիվ օրենսդրական ակտեր, և ստանձնելով պաշտպանության նախարարի պարտականությունները՝ ես տեսա, որ հաճախ այդ օրենքների կիրառումը որոշակի բարդությունների է հանդիպում, որովհետև նույն խնդրին վերաբերող կարգավորումները կան տարբեր օրենսդրական ակտերում, երբեմն դրանք իրար հակասում են: Եվ կարիք կա ոլորտի օրենսդրությունը կարգավորել ու ի մի բերել», ասաց նախարարը:

Երրորդ նպատակն, ըստ Վիգեն Սարգսյանի, նոր քաղաքականության, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար իրավական հիմքի ստեղծումն է:

Օրենսդրական փոփոխությունների հիմքում ընկած կարևոր քաղաքականությունը հետևյալն է: Առաջին, զինված ուժերում ծառայությունը դարձնել սոցիալական՝ և սպայական, և շարքային դասի համար: Երկրորդ՝ ապահովել զինծառայողների հասարակական ինտեգրումը, երրորդ՝ բարձացնել պահեստազորի արդյունավետությունը, չորրորդ՝ տարկետումների զգալի մասը փոխարինել արտոնություններով և հինգերորդ՝ ամրապնդել հանրության վստահությունը զինված ուժերի նկատմամբ: Այս բոլորն, ըստ նախարարի, ունի մեկ ընդհանուր նպատակ՝ բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը և երկրի պաշտպանվածության մակարդակը:

Ամենաընթերցվածը