ՔԿՎ պաշտոնյաների ունեցվածքը. Ով է ամենահարուստ բանտապետը

    • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2017, 20:45
Արդարադատության նախարարության քրեակատարողական վաչության պաշտոնյաներն ու ՔԿՀ պետերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում իրենց աշխատավարձերի համեմատ հսկայական դրամական միջոցեր են հայտարարագրել: Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում միջին և մանր օղակի պաշտոնյաները ևս հայտարարագրեր են ներկայացնելու հանձնաժողով: Առաջին քայլով հատուկ ծառայությունների պաշտոնյաների հայտարարագրերն արդեն հրապարակված են:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սերոբ Հարությունյանը 1 մլն 926 հազար դրամ աշխատավարձ է հայտարարագրել, բայց պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 53 հազար դոլար և 16 մլն 500 հազար դրամ: Նա հայտարարագրել է նաեւ MERCEDES-BENZ S 500 մակնիշի մեկ ավտոմեքենա, մեկ բնակարան ու երկու ավտոտնակ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը մեկ բնակարան, երկու հողամաս, մեկ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 L մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 7 մլն 300 հազար դրամ, 5700 դոլար և 250 հազար ռուսական ռուբլի, իսկ հայտարարագրել է 1 մլն 926 հազար դրամ աշխատավարձ:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Հովհաննես Հակոբջանյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ հողամաս, նոր կառուցվող բնակարան, հողին ամրակցված այլ շինություն և MERCEDES-BENZ S 350 մակնիշի ավտոմեքենա: Նա ստացել է 1 մլն 932 հազար դրամ աշխատավարձ, իսկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արտյոմ Մխոյանը բնակարան չի հայտարարագրել, փոխարենն ունի մեկ արտադրական նշանակության շինություն և KIA SORENTO 3.8 մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է 2 մլն 571 հազար դրամ աշխատավարձ, վերցրել է 2000 դոլար և 3 մլն դրամ փոխառություն: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 34 հազար դոլար, 9000 եվրո և 1 մլն 500 հազար ռուսական ռուբլի:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ ավտոտնակ և հսկայական դրամական միջոցներ: Նա ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ, սակայն դրամական միջոցները կազմել են 237 հազար եվրո և 75 հազար դոլար:

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը մեկ բնակարան, երկու հողամաս, անավարտ շինություն, մեկ արտադրական նշանակության շինություն և MERCEDES-BENZ S 320 մակնիշի ավտոմեքենա ունի: Նա 1 մլն 927 հազար դրամ աշխատավարձ է հայտարարագրել, ունի 7 մլն դրամ, 15 հազար դոլար և 3000 եվրո դրամական միջոց:

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանը երկու բնակարան, երեք հողամաս է հայտարարագրել: Նա ստացել է 2 մլն 680 հազար դրամ աշխատավարձ, ունի 2 մլն 700 հազար դրամ և 2000 դոլար դրամական միջոց:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը հայտարարագրել է վեց հողամաս, մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն և ոչ բնակելի տարածք: Նա ունի մարդատար և բեռնատար մեքենաներ՝ LEXUS LX 570 և FORD TRANSIT 100L 2.5 TD մակնիշի: Աֆրիկյանը հայտարարագրել է 2 մլն 595 հազար դրամ դրամական միջոց, բայց նրա դրամական միջոցները կազմել են 45 մլն դրամ, 125 հազար դոլար և 15 հազար եվրո:

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Մարգարյանը չորս հողամաս, մեկ բնակարան է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները ևս էականորեն գերազանցում են աշխատավարձի չափը: Մարգարյանը հայտարարագրել է 1 մլն 953 հազար դրամ աշխատավարձ, 75 հազար դոլար և 5 մլն դրամ դրամական միջոց:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը համեստ միջոցներ է հայտարարագրել՝ մեկ բնակարան, INFINITI QX4 3.5 մակնիշի ավտոմեքենա: Նրա աշխատավարձը կազմել է 1 մլն 981 հազար դրամ, հայտարարագրել է ընդամենը 300 հազար դրամ դրամական միջոց:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն և MERCEDES-BENZ S 350 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նա ստացել է 1 մլն 873 հազար դրամ աշխատավարձ, բայց դրամական միջոցները կազմել են 45 հազար դոլար և 11 մլն դրամ:

ԱՆ քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի պետ Մհեր Ավագյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն և երկու ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ C 180 և  MAZDA 6 2.5 L մակնիշի: Այս պաշտոնյան հայտարարագրել է ընդամենը 2 մլն 670 հազար դրամ աշխատավարձ, բայց ունի 20 մլն դրամ, 50 հազար դոլար, 20 հազար եվրո և 3 մլն ռուսական ռուբլի դրամական միջոց:

ԱՆ քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ Գրիգորի Հարությունյանը հայտարարագրել է երկու բնակարան, երեկու ավտոտնակ, մեկ ամառանոց: Նա ստացել է 1 մլն 350 հազար դրամ աշխատավարձ, բայց հայտարարագրել է 25 մլն դրամ, 11 հազար եվրո և 8500 դոլար:

ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի պետ Լևոն Ավետիսյանը մեկ բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ ու MITSUBISHI PAJERO 3.0 L մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նա 50 մլն դրամ արժողությամբ գույք է օտարել, ստացել է 2 մլն դրամ աշխատավարձ: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 70 մլն դրամ, 110 հազար դոլար և 35 հազար եվրո:

ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանն էլ երկու բնակարան է հայտարարագրել: Նա ստացել է 1 մլն 570 հազար դրամ աշխատավարձ, իսկ դրամական միջոցները կազմել են 60 հազար դոլար:

Ամենաընթերցվածը