Հայաստանում մարզային զարգացման պիլոտային 7 ծրագրի համար ԵՄ-ն գումար է հատկացրել

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2017, 16:02
Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Հայաստանի մարզերում իրականացվող մարզային զարգացման 7 պիլոտային ծրագրեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ 7 պիլոտային ծրագրեր իրականացնելու համար ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 10 մլն եվրո, իսկ ՀՀ կառավարությունը՝ 1,75 մլն եվրո։

Նախարարի խոսքով, Շիրակի մարզում իրականացման ենթակա ևս մեկ ծրագիր ընտրության փուլում է։ 

«Պիլոտային ծրագրերն իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, զբոսաշրջության ոլորտներում»,- ընդգծեց Լոքյանը և հավելեց, որ ծրագրերի իրականացման համար նախատեսվում է ստեղծել մոտ 500 նոր աշխատատեղ և ընդարձակել մոտ 300 ձեռնարկության կարողություն։ Գրեթե 2000 հոգի զբաղվածության ավելի լավ հնարավորություն կունենա, ինչպես նաև շուրջ 700 ընկերություն՝ մեծ մասամբ ՓՄՁ-ներ, կընդլայնեն իրենց գործունեությունը։ Այս ամենից զատ նախատեսվում է ստեղծել նաև կայուն ենթակառուցվածքներ, ինչը կարող է խթանել հետագա սոցիալական և տնտեսական առաջընթացը մարզերում»,- ընդգծեց Դավիթ Լոքյանը։

IDEA հիմնադրամը և Դիլիջանի համայնքապետարանը իրականացնում են Դիլիջանի զարգացման ծրագիրը։ Դրա շրջանակներում համայնքում ստեղծվում են տուրիզմի տեղեկատվական կենտրոն, գյուղատնտեսական շուկա և տաղավարներ, բարելավվում են Դիլիջան ազգային պարկի տուրիստական քայլուղիները, հիմնվում է արհեստների և արվեստների կենտրոն։ Ծրագրի ընթացքում 20 ձեռնարկություն ստանալու են փոքր դրամաշնորհներ, ստեղծվելու է ավելի քան 50 աշխատատեղ։

Նախարար Լոքյանը նշեց, որ Տավուշի մարզում ծրագրերի մի մասն արդեն ավարտված է։

«Նոյեմբերյանի համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով մարզի արոտօգտագործողների կոոպերատիվների հետ, հիմնադրում է սառնարանային տնտեսություն, չրերի արտադրամաս, ջերմոցային տնտեսություն, թեյերի արտադրություն, մսամթերքի արտադրություն և կաթի վերամշակման գործարան։ Կազմակերպվելու են դասընթացներ, տոնավաճառներ, ուսուցողական այցելություններ մարզի գործարարների և ֆերմերների համար»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը։

Ծրագրերն իրականացվում են նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում։

«Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրում «Շեն» ՀԿ-ն Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գյուղում հիմնում է կենսագազի փոքր կայաններ, կաթի սրահներ հեռագնա արոտներում, ձավարաղաց և կտավատի ձեթի արտադրամաս, ջերմոցներ և չրանոցներ։

«Կապանի համայնքապետարանը հիմնում է արտադրամաս, որը պլաստիկ թափոններից կարտադրի կղմինդր, եզրաքարեր, սալիկներ, դիտահորեր, կափարիչներ և այլն։ Արտադրամասում և աղբի հավաքման կայաններում կստեղծվի ավելի քան 45 աշխատատեղ։ Ֆլորենցիայի համալսարանը և Եղեգնաձորի տուրիզմի տարածաշրջանային կենտրոնը Վայոց Ձորի մարզում հիմնում են 1000 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, ինչպես նաև նպաստում են տուրիստական ոլորտի ընկերությունների մրցունակության բարձրացմանը։ Ծրագրում ընդգրկված են 8 համայնք»,- ընդգծեց Դավիթ Լոքյանը։

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը «Տեխնոլոգիաների խթանում ՀՀ Շիրակի մարզում ծրագրի շրջանակներում վերապատրաստում է 200 երիտասարդի ՏՏ ոլորտում, արդեն կառուցված լաբորատորիայում առաջարկում է պրակտիկ խնդիրների լուծման կուրսեր փորձառու մասնագետների ուղեկցությամբ և աշխատանքի տեղավորում՝ առնվազն 60 մասնակցի համար։  

Ամենաընթերցվածը