«Էրեբունի-Երևան 2799»-ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2017, 15:51
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրել են «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը:

Ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երևանյան տոնական միջոցառումների հարուստ ցանկում ներառված այս նորամուծությունն իսկական նվեր կլինի երևանցիների և  մայրաքաղաքի հյուրերի համար: Մասնավորապես, այս պահի դրությամբ Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից և Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում և վայրէջք կկատարեն Երևանի վարչական սահմաններից դուրս: «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ տեղեկացրել է, որ թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ: Ըստ այդմ, առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երևանյան երկնքում ավելի երկար կմնան:

Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման և հաջորդող օրերի համար նախատեսված է միջոցառումների հետևյալ ժամանակացույցը.

Հոկտեմբերի 14

15:30. Հանրապետության հրապարակ. փառատոնի պաշտոնական բացումը:

16:40.  Օդապարիկները նախապատրաստումը թռիչքի:

17:00. Թռիչք Երևանի երկնքում՝ 1,5 ժամ տևողությամբ:

Հոկտեմբերի 15

07:00.  Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ (կախված եղանակային պայմաններից). մեկնարկ և օդապարիկների միաժամանակյա թռիչք Երևանի երկնքում:

17:00. Հանրապետության հրապարակ. թռիչքներ և երաժշտական ծրագիր:

19:00. Օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող շոու:

Հոկտեմբերի 16, 17

Թռիչքներ Գառնու և Ապարանի ջրամբարի հարակից տարածքերում` կախված եղանակային պայմաններից:

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին, որոնց ընթացքում օդապարիկները ճոպաններով կապված լինելու պատճառով կհասնեն միայն որոշակի բարձրության, կարող են մասնակցել նաև քաղաքացիները` նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում: Ամենայն հավանականությամբ փառատոնը կդառնա ավանդական` ընդլայնելով  մասնակից երկրների ցանկը: Մինչ այդ, կազմակերպիչներն անմոռանալի զգացողություններ են խոստանում 1-ին փառատոնի մասնակիցներին և հույս հայտնում, որ այդ օրերի համար կանխատեսված բարենպաստ եղանակային պայմանները չեն փոփոխվի:

Ամենաընթերցվածը