Սերժ Սարգսյանը «հանեց» ոստիկանապետին ու գլխավոր դատախազին

  • Ներքին կյանք - 10 Հոկտեմբերի 2017, 10:21
Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ու սահմանել այդ կառույցի աշխատանքի իր պատկերացումները, ցուցումներ տվել: Ելույթում հատկապես ուշագրավ էր իրավապահ այլ գերատեսչությունների հետ Քննչական կոմիտեի համագործակցության հարցը: Մասնավորապես, Գլխավոր դատախազության ու ոստիկանության մասով:

Նա ասել է, որ «իրավապահ համակարգը պետք է լինի կուռ և համագործակցող: Ուստի, Քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը տեսնում եմ իրավապահ մյուս մարմինների հետ կայուն և արդյունավետ համագործակցության մեջ:

Խոսքս նախ և առաջ դատախազության հետ համագործակցության մասին է: … Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով»:

«Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: Գաղտնիք չէ, որ ոստիկանության օպերատիվ գործունեությունն էապես կարող է օժանդակել հանցագործության բացահայտմանը: Սակայն դրա նախադրյալները, անշուշտ, պետք է ստեղծի քննիչը: Մենք այս ճանապարհին ենք, բայց վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է: Երբ մենք դրան ամբողջովին հասնենք՝ ես կհամարեմ, որ քննչական մարմինները, միասնական քննչական մարմինը ամբողջովին կայացել են», ասել է Սերժ Սարգսյանը:

Այս մեջբերումները բացահայտում են այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանում նոր իշխանության ձեւավորման գործընթացում: Իրավապահ մարմինների հակասությունները, փոխադարձ վերահսկողությունն այն գործոններից են, որոնք ապահովում են արդարադատությունը, հնարավորություն չեն տալիս գործեր կոծկել կամ քննությունը տանել մեկ գերատեսչության շահերի ուղղությամբ:

Հայաստանում նույնպես առկա են այդ հակասությունները, սակայն դրանք ենթարկվում են լիովին այլ տրամաբանության ու նպատակների, քանի որ իրավապահների գործունեությունը Հայաստանում հանգում է ոչ թե սահմանադրական պարտականություններին, այլ իշխող համակարգի անվտանգությանը:

Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ասում է, որ իրավապահ համակարգը պետք է լինի կուռ և համագործակցող: Այս հանգամանքը հատկապես կարեւոր է դառնում 2018-ին իշխանության ծրագրերի իրականացման համար:

Փաստացի, ստացվում է, որ ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը տեղավորվում են այդ ծրագրերում, սակայն խնդիրներ են առաջացել Քննչական կոմիտեի մասով, որն անտեսում է դատախազության ցուցումները, կամ չի նպաստում հանցագործության բացահայտմանը, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը:

Այսպիսով, նա ոստիկանապետին ու գլխավոր դատախազին «հանում» է պատասխանատվությունից, հատկապես վերջին շրջանում քրեածին իրավիճակի սրման ու աղմկոտ հանցագործությունների ֆոնին, զգուշացնելով Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:

Կարելի՞ է ասել, որ վերջինիս փաստացի հաջողվել է ստեղծել մի կառույց, որի գործունեությունը եթե անհանգստացնում է իշխանությանը, նշանակում է՝ այն կատարում է իր սահմանադրական պարտականությունները: Դա շատ հետաքրքիր կլիներ, համենայնդեպս հայաստանյան իրականության մեջ «կուռ իրավապահ համակարգը» անվտանգության երաշխիք է իշխող համակարգի եւ սպառնալիք՝ հանրության համար:

Ամենաընթերցվածը