Պաշտոնյա ոստիկանների հարստությունը. ամենահամեստն Օսիպյանն է

    • Ներքին կյանք - 07 Հոկտեմբերի 2017, 20:13
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում իրենց աշխատվարձերի համեմատ հսկայական ունեցվածք են ներկայացրել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա հուլիսի 1-ից ընդլայնվել է հայտարարգրեր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը, պարտադիր պահանջ է, որ միջին և մանր օղակի պաշտոնյաները ևս պետք է հայտարարագիր լրացնեն:

Lragir.am-ն ուսումնասիրել է Ոստիկանության պաշտոնյաների հայտարարագրերը ևա առանձնացրել առավել ուշագրավները:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի պետ Արմեն Եդիգարյանը հսկայական անշարժ գույք է հայտարարագրել՝ 4 բնակարան, մեկ հողամաս, ավտոտնակ, երեք ոչ բնակելի տարածք և երկու նոր կառուցվող բնակարան: Այս պաշտոնյան հյատարարագրել է ընդամենը 1 մլն 984 հազար դրամ  աշխատավարձ, բայց նրա դրամական միջոցները կազմել են 50 մլն դրամ, 60 հազար դոլար և 25 հազար եվրո:

Իր ունեցած անշարժ գույքի ցանկով աչքի է ընկնում նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը: Նա հայտարարագրել է երեք բնակարան, երկու ավտոտնակ, մեկ հողամաս և մեկ ոչ բնակելի տարածք: Այս պաշտանյան ունի BMW X5 3.0 I մանիշի ավտոմեքենա, 47 մլն դրամ, 19 հազար 700 դոլար և 17 հազար 200 եվրո դրամական միջոց: Նա հայտարարագրել է ընդամնեը 2 մլն 250 հազար դրամ աշախատավարձ:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանը  չորս հասարակական նշանակության շինություն և մեկ ամառանոց է հայտարարագրել: Նա ունի TOYOTA CHASER 1.8I XL մակնիշի մեկ ավտոմեքենա, ստացվել է 1 մլն 714 հազար դրամ աշխատավարձ: Պաշտոնյան նաև հայտարարագրել է 250 հազար ԱՄՆ դոլար, որը ներկայացված է որպես ստացված ժառանգություն:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կոտայքի պահպանության բաժնի պետ Առնոլդ Հարությունյանը երեք հողամաս, երկու հասարակական նշանակության օբյեկտ, ավտոտնակ և մեկ բնակելի տուն է հայտարարագրել: Նա ունի նաև HYUNDAI TUCSON IS 35 2.0 AT մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրել է 2 մլն 156 հազար դրամ աշխատավարձ, 24 մլն դրամ, 48 հազար դոլար, 7500 եվրո դրամական միջոց:

Ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտոր Վարդան Թունյանը չորս հողամաս, մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, BMW X5 3.0 I և MERCEDES-BENZ S 350 L մակնիշի ավտոմեքենաներ է հայտարարագրել: Ընդամենը 2 մլն 60 հազար դրամ  աշխատավարձ հայտարարագրած այս պաշտոնյան պատկառելի դրամական միջոցներ ունի՝ 245 հազար դոլար, 140 հազար եվրո, 9 000 ֆունտ ստերլինգ, 14 մլն 500 ռուսական ռուբլի, 11 մլն դրամ:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը երկու անհատական բնակելի տուն, TOYOTA LAND CRUISER 200 4.0 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նա հայտարարագիրը ներայացնելու դրությամբ ստացել է ընդամենը 2 մլն 56 հազար դրամ աշխատավարձ, բայց հայտարարագրել է 25 մլն դրամ, 48 հազար դոլար, 16 հազար եվրո, 850 հազար ռուսական ռուբլի դրամական միջոց:

Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ Աշոտ Ավագյանը անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը նա ունի երեք ավտոմեքենա՝ GAZ 3102, BMW X5 3.0 I և TOYOTA CAMRY 2.4 մակնիշի: Այս պաշտոնյան հայտարարագրել է ընդամենը 4 մլն 622 հազար դրամ աշխատաավարձ, բայց ունի 97 մլն դրամ, 22 հազար 300 դոլար և 15 հազար 700 եվրո դրամական միջոց:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շտաբի  պետ Ստեփան Մելքոնյանը երկու բնակարան, երեք հողամաս և  VOLKSWAGEN TOUAREG 3.6 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նա ստացել է 1 մլն 300 հազար դրամ աշխատավարձ:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի պետ Անդրանիկ Ադամյանը մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, ավտոտնակ, GAZ 24 մակնիշի ավտոմեքենա ու մեկ հողամաս է հայտարարագրել: Նա ստացել է ընդամենը 2 մլն 220 հազար դրամ աշխատավարձ, հայտարարագրել է 35 մլն դրամ, 30 հազար դոլար և 15 հազար եվրո դրամական միջոց:

Ոստիկանության շտաբի (գլխավոր վարչության իրավունքով) պետ Հովհաննես Քոչարյանը մեկ բնակարան է հայտարարագրել: Ընդամնեը 2 մլն 242 հազար դրամ աշխատավարձ ստացած այս պաշտոնյան 50 հազար դոլար դրամական միջոց է հայտարարագրել: Նա նաև մոտ 500 հազար դրամ փոխառություն է ստացել:

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ Նելլի Դուրյանը մեկ անհատական բնակելի տուն է հայտարարագրել: Նա 2 մլն 125 հազար դրամ աշխատավարձ, իսկ վարձակալության դիմաց 2 մլն 700 հազար դրամ է ստացել: Նելլի Դուրյանի դրամական միջոցները հետևյալն են՝ 197 հազար դոլար, 19 մլն դրամ և 23 հազար եվրո:

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ (մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի) վարչության պետ Տիգրան Կարապետյանը 1 մլն 980 հազար դրամ աշխատավարձ է հայտարարագրել, բայց ունի 100 հազար դոլար և 8 մլն դրամ դրամական միջոց: Նա նաև 1 մլն 500 հազար դրամ փոխառություն է վերցրել: Այս պաշտոնյան հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ հողամաս և նոր կառուցվող շենք:

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Ալիկ Սարգսյանը երկու բնակարան, մեկ հողամաս, DODGE GRAND CARAVAN 3.3, TOYOTA CAMRY 2.4 և DODGE GRAND CARAVAN 3.3 LE մակնիշի ավտոմեքենաներ է հայտարարագրել: Նա ստացել է 2 մլն 67 հազար դրամ աշխատավարձ, հայտարարագրել է 21 հազար դոլար, 20 հազար եվրո, 8 մլն 700 հազար դրամ և 255 հազար ռուսական ռուբլի դրամական միջոց:

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն, 9 մլն դրամ և 15 հազար դոլար դրամական միջոց: Նա ստացել է 4 մլն 702 հազար դրամ աշխատավարձ, տրված փոխառությունների դիմաց ավելի քան 1000 դոլար տոկոս է ստացել:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի Արկադի Ավագյանը մեկ անհատական բնակելի տուն, VAZ 2101 և FORD TRANSIT 1.8 ավտոմեքենաներ է հայտարարագրել: Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 100 հազար դոլար, 20 հազար եվրո և 35 մլն դրամ: Նա հայտարարագրել է ընդամենը 3 մլն 167 հազար դրամ աշխատավարձ:

Ճանապարհային ոստիկանության ծառայության գծով պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը մեկ բնակարան, երկու անհատական բնակելի տուն է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ և 20 հազար դոլար, իսկ որպես աշխատավարձ՝ հայտարարագրել է 4 մլն 859 հազար դրամ;

Ճանապարհային ոստիկանության կադրերի և անձնակազմի գծով պետի տեղակալ Նիկողայոս Եղիազարյանը երկու հողամաս, մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն ունի: Նա հայտարարագրել է նաև 6 մլն դրամ դրամական միջոց և UAZ 31512 մակնիշի ավտոմեքենա: Այս պաշտոնյան 4 մլն 896 հազար դրամ աշխատավարձ է հայտարարագրել:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկու բնակարան և TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա է հայտարրագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար և 850 հազար դրամ: Բիչախչյանը հայտարարագրել է ընդամենը 3 մլն աշխատավարձ:

Երևանի ոստիկանապետի տեղակալներից ամենաքիչ դրամական միջոցներ ունի Վալերի Օսիպյանը: Նա մեկ բնակարան, մեկ հողամաս, 300 եվրո և 300 դոլար դրամական միջոց է հայտարարագրել: Օսիպյանն ունի նաև մեկ MERCEDES-BENZ ML 350 մակնիշի ավտոմեքենա, ստացել է 2 մլն 126 հազար դրամ աշխատավարձ:

Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանը 17 500 եվրո, 36 000 դոլար և 4 մլն 800 հազար դրամ է հայտարարագրել: Նա հայտարարագրել է ընդամենը 2 մլն 92 հազար դրամ աշխատավարձ:

Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի գծով պետի տեղակալ Էդուարդ Կալիյանը մեկ բնակարան, չորս հողամաս և 33 հազար դոլար դրամական միջոց է հայտարարագրել: Նա ստացել է 2 մլն 92 հազար դոլար աշխատավարձ:

Ամենաընթերցվածը