ՀՀԿ-ի Ծիտը դատապարտվել է յուրացման համար. Armtimes.com

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 19:12
Երեւանի ավագանու երեկվա նիստի ժամանակ իր ոչ պարկեշտ վարքով աչքի ընկած, ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Արմեն Սահակյանը ոչ միայն հետախուզվել է գումարների յուրացման աղմկահարույց գործով, այլ նաեւ դատապարտվել:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը 2007 թվականին Երեւան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է ՀՀ «Քրեական օրենսգրքի» 38-308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար: Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մաս սահմանում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Արմեն Սահակյանը եւս 11 այլ անձի մասնակցությամբ իրականացրել է մոտ 1.5 միլիարդ դրամի յուրացում:

Դատական տեղեկատվական համակարգում Արմեն Սահակյանի դատվածության վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ «datalex» կայքում հասանելի են միայն 2008 թվականից հետո կայացված դատական վճիռները: Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող ենք ստանալ դիմելով գործը քննած դատարան:

Արմեն Սահակյանը դատապարտվելու ժամանակահատվածը նրա պաշտոնական կենսագրությունում, բնականաբար, չէր կարող լինել: Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրականում Արմեն Սահակյանի գործունեության 2006-2008 թվականների ժամանակահատվածը դատարկ է: 1996-2000թթ. նա եղել է «Լևոն Աբրահամյան» ՍՊԸ-ի ավագ տնտեսագետը, իսկ 2000-2006թթ.` նույն ՍՊԸ-ի տնօրեն, իսկ 2008 թվականից եղել է 2008թ. փետրվարից մինչև 2008թ. հուլիս ամիսը եղել է տնօրենի օգնական «ՀայՌուսգազարդ»-ում: 

Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը երեկ անհարգալից տոնով էր խոսել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ: Վերջինիս դիմում էր «Անո», «պարոն Բախշյան»-ով: Այդ ամենից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել «Հանրապետական» եւ «Ելք» խմբակցության անդամների միջեւ:

Ամենաընթերցվածը