«Պարոն Կարայանն այստեղ է, կարող եք մանրամասն զրուցել»

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 18:57
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր Ելք խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ երեք տարի առաջ, երբ Հայաստանն անդամակցում էր ԵՏՄ-ին, որպես հիմնական հիմնավորում բերվում էր անվտանգության հարցը:

«Վերջին տարիներին Հայաստանն անվտանգության ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունի և որքանո՞վ են դրանք կապված ԵՏՄ-ի հետ: ՌԴ-ն շարունակում է հարձակողական զենք վաճառել Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին: Փաստացի Ռուսաստանի բիզնես շահն ավելի բարձր է դասվում, քան իրենց ռազմավարական գործընկեր Հայաստանի անվտանգությունը»,- ասաց պատգամավորը:

Նա հարցրեց՝ ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունն այս իրավիճակը շտկելու համար:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ի պատասխան ասաց, որ Եվրասիական տնտեսական միությունն ամոբղջովին հանդիսանում է տնտեսական միություն, այն չունի որևէ քաղաքական կամ ռազմաքաղաքական բաղադրիչ:

«Եվ դրան անդամակցելն ամբողջովին պայմանավորված էր տնտեսական հարաբերություններով, քանի որ այլ ֆորմատներով, մասնավորապես ՀԱՊԿ-ում և այլ ձևաչաձերով համագործակցության շրջանակներում քննարկվում են նաև ռազմաքաղաքական հարցերը»,- շեշտեց Վաչե Գաբրիելյանը:

Գորգիսյանը հետաքրքրվեց՝ եթե այդ միությունը չունի ռազմաքաղաքական բաղադրիչ, ինչո՞ւ էին երեք տարի առաջ հենց ԱԺ դահլիճում քննարկումների ժամանակ որպես հիմնական պատճառ բերում անվտանգության հարցը:

Վաչե Գաբրիելյանն արձագանքեց. «Ովքեր ներկայացրել են, պարոն Կարայանը մասնավորապես որևէ կերպ կառավարության կողմից չի ներկայացրել ռազմաքաղաքկան որևէ փաստարկ: Կարող է նմանատիպ ելույթներ են եղել, բայց գործադիր իշխանության կողմից ԵՏՄ-ին անդամակցելու հարցում որևէ ռազմաքաղաքական փաստարկ չի բերվել: Եթե խոսքը վերաբերում է տնտեսական անվտանգությանը, ապա դա մեծացրել է տնտեսական հոսքերը: Պարոն Կարայանն այստեղ է, կարող եք մանրամասն զրուցել»:

Ամենաընթերցվածը