Քաղաքական ենթատեքստ չկա՞. Դավիթ Հարությունյանը ցուցահանդեսի փակման մասին

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 18:52
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդեսի հարկադիր փակմանը:

Այս հարցը կառավարությանն ուղղեց Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հարցնելով, թե ո՞վ է կայացրել այդ որոշումը:

«Բոլորին էլ ակնհայտ է, թե ինչ քաղաքականություն և ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն ստալինյան ու լենինյան բռնապետության ժամանակահատվածի հետ կապված: Այս տարի լրանում է հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը, որից հետո սկիզբ դրվեց մարդու իրավունքների լայնածավալ խախտումների: Այս տարի մենք պետք է անդրադառնանք այս տխուր տարեթվի 80-ամյակին: Դուք ճիշտ եք, մենք 50 հազար զոհ ենք ունեցել այդ ռեպրեսիաներին: Եվ այդ իրադարձությունների գնահատականը տրված է պետական մակարդակով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս պարագայում չպետք է քաղաքականացնել պետական  գերատեսչության ու ՊՈԱԿ-ի համատեղ աշխատանքը, դա ուղղակի անտեղի է:

«Դիրքորոշումը պետության ակնհայտ է, որևէ փոփոխություն այդտեղ տեղի չի ունեցել: Քաղաքական ենթատեքստ չկա այստեղ: Այդ ցուցահանդեսը 21 օր բաց է եղել»,- հավելեց նա:

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ԶԼՄ-ներին ասել էր, որ ցուցահանդեսը փակելու հիմքում ընկած է հետևյալը՝ ցուցահանդեսը մի փոքր քաղաքականացված էր:

Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Ցուցահանդեսն այս կամ այն տեսքով, իհարկե, պետք է դառնա ավելի լայն, տարածման հնարավորություն ունենա: Ես կարծում եմ, որ մենք կանգ չենք առնի դրա վրա, այս տարի հիշատակի 80-ամյակն է, մենք շատ ավելի լայնածավալ միջոցառումներ ենք պլանավորելու»:

Ամենաընթերցվածը