Գյումրիի հանդեպ հատուկ ուշադրություն է լինելու. Վարչապետ

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 18:08
Գյումրի քաղաքի նկատմամբ կառավարությունը հատուկ ուշադրություն է ցուցաբերելու, այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԱԺ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բարձրացրեց Գյումրիի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հարցը: Նա նշեց, որ աշխարհում, երբ մի տեղ աղետ է լինում, այդ տարածքի հարկերը կրճատվում են, տնտեսվարողներին հարկային արտոնություններ են տրվում: Ի՞նչ է անելու կառավարությունը Գյումրիում:

«Գյումրիի նկատմամբ վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր, ինչպես նաև մեր բոլոր մնացած համայնքների վերաբերյալ: Եվ մենք չենք կարծում, որ հարկային արտոնություններն են մեր նեղ տեղն ու խանգարող հանգամանքը, որպեսզի Գյումրին զարգացնենք, նամանավանդ, որ այսօր մենք ունենք որոշակի գործիքակազմ. ներդրումների ժամանակ ԱԱՀ և մաքսատուրքի հետաձգում ու զիջում է նախատեսվում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Բացի այդ, ըստ նրա, Զարգացման հիմնադրամը հատուկ զբաղվելու է Գյումրիի զարգացման ծրագրով:

Զբոսաշրջության  զարգացումը Գյումրիում նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Լինելու է համալիր ծրագիր, որը Կումայրի կենտրոնն աշխուժացնելու է: Դրան ուղղված մենք Գյումրիի օդանավակայանն աշխուժացրել ենք, և այսօր երկու ավիաընկերություն կա, որոնք աշխատում են: Հոկտեմբերից թռիչքների քանակն ավելանում է: Բացի դրանից, մենք խնդիր ենք դրել, որպեսզի թռիչքների աշխարհագրությունը Գյումրիից փոխվի», ասաց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը