Մարդիկ չեն ուզում նկատել լավ զարգացումները. նախարարը՝ տնտեսական աճի մասին

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 17:38
«Գոհ եմ կառավարության մեկ տարվա գործունեությունից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.2% է, արդյունաբերությունն աճել է 12.7%-ով, արտահանման աճն էլ 21%-ից ավելի է:

Ըստ Կարայանի՝ այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական զարգացման այն մոդելը, որ դրվել է կառավարության կողմից, իրեն արդարացնում է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ շարքային քաղաքացին չի զգում այս աճն իր առօրյայում:

«Ամբողջ բնակչությունն այս փոփոխությունները կզգա որոշ ժամանակ անց, երբ այս աճը որոշակի ժամանակահատվածում պահպանվի: Ներկայումս բնակչության որոշակի մաս արդեն իսկ զգացել է այս դրական փոփոխությունը, քանի որ ստեղծվել են բազմաթիվ նոր աշխատատեղեր սննդի վերամշակման, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ոսկերչության և ադամանդագործության, դեղագործության բոլոր ոլորտներում: Բազմաթիվ գործարաններ սկսել են ավելի շատ եկամուտներ ստանալ, որովհետև կա արդյունաբերության և տնտեսական աճ: Դա չի կարող չանդրադառնալ բնակչության վրա»,- նշեց նա:

Կարայանը նաև հավելեց, որ կառավարությունը հավանություն է տվել ներդրումային շատ ծրագրերի, դրանք հրապարակային են: Այդ բոլոր ծրագրերում նշված է, թե որ կազմակերպությունը երբ և ինչքան աշխատատեղ է ստեղծելու: Ըստ նրա՝ որոշ դեպքերում մարդիկ չեն ուզում նկատել արձանագրվող լավ զարգացումները: «Տարբեր ոլորտներում աճ կա, բա դա ո՞վ արեց: Դա հենց նույն աշխատողներն են անում, որոնք ստեղծում են աշխատետեղեր»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը