Կարեն Կարապետյանն ասել է, թե ինչու չի այցելում Արևմուտք

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 17:06
Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ՝ զարգացնում է հարաբերությունները նաև Եվրամիության ու ԱՄՆ հետ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կարեն Կարապետյանին հարցրեց՝ ինչո՞ւ նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում այցեր չի կատարում Արևմտյան երկրներ և չի փորձում այդ երկրներից ներդրումներ ներգրավել Հայաստան: Չեն հրավիրում, թե՞ վարչապետն է մերժում այցերը:

«Իրականում այցն ինքնանպատակ չէ, և եթե մենք չենք այցելում, դա չի նշանակում, որ մենք Արևմտյան երկրների հետ օրակարգ չունենք: Այցերը կլինեն այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա ասաց, որ ինչ վերաբերում է Արևմտյան երկրները տարանջատելուն, կանխագուշակելով հետագա զագացումներն այդ հարցի շուրջ, ուզում է մանրամասն անդրադառնալ խնդրին:

«Մենք լինելով ԵՏՄ անդամ երկիր՝ որևէ այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերում: Եվ այն ինֆորմացիան, որը տրամադրել ենք ձեզ՝ արտահանման հետ կապված և այլն, մենք տարին ամփոփելուց պատրաստում ենք շատ լայնամասշատբ պատասխան, որտեղ մանրամասն կգրենք մեր հետազոտություններն այդ շուկաների վերաբերյալ: Պայմանական 21.6 տոկոս արտահանման աճ ունենալով՝ եվրոպական երկրներ աճի տեմպը գերազանցում է ԵՏՄ երկրների աճի տեմպին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Երբ Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ փաստորեն վարչապետն Արևմտյան երկրների հետ օրակարգ չունի, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ և Եվրամիության, և ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերություններն ավելի լավ են, ծրագրերն ավելի շատ են:

«Օրակարգ չունենք այց կատարելու: Տեքստի մեջ կա մի քննադատություն, մի կողմնակալ վերաբերմունք, որի էությունը չեմ հասկանում: Ես էլ ասում եմ, որ բոլոր նման երկրների հետ ունենք հարաբերություններ, անպայման պետք է այց ունենա՞նք: Օրակարգ ունեմ, գնում եմ, էլի եմ գնալու, եթե օրակարգ ունենամ, հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ»,- ասաց վարչապետը:

Ամենաընթերցվածը