Պատգամավորներին զայրացրեց Կենտրոնական բանկի առաջարկը հիպոթեքային վարկի վերաբերյալ

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 13:36
Ազգային ժողովն այսօր քննարկեց Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին օրենքի նախագիծն ու հարակից փաթեթները: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ փոփոխություններն ուղղված են սպառողների իրավունքների պաշտպանությանը և հիպոթեքային վարկերի շուկայում մրցակցության բարձրացումը: Նախագծով սահմանվում է նաև լողացող տոկոսադրույք հսկացությունը: Ըստ Երիցյանի՝ դրանով շուկայական ռիսկերը կիսելու մասին է խոսք գնում: Լողացող տոկոսադրույքը կարող է ենթադրել նաև տոկոսադրույքների իջեցում:

Նախագծի 13-րդ դրույթով նախատեսված է, որ վարկը վաղաժամկետ մարելու համար քաղաքացին տոկոսներ պետք է վճարի:

Ներսես Երիցյանը բացատրեց. «Դուք մեկ միլիոն վերցրել եք, դրա վրա 10 տարի 10 տոկոս պետք է վճարեք: Բայց դուք ընդամենը մեկ տարի այդ մեկ միլիոնի 100 հազար դրամը վճարում եք, մեկ միլիոնն էլ վճարում եք: Բանկը 10 տարվա այն 9 անգամ 10-ը օգուտ չի ստանում: Դրա համար եթե ինքն իմանա, որ ամեն մեկն այդպես արագ մարելու է, այդ տարբերությունը դնելու է տոկոսարդույքների մեջ և 10 տարվա ռիսկ չի վերցնելու»,- ասաց նա:

Այս դրույթը վրդովմունք առաջացրեց պատգամավորների մոտ: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց միանգամից բանկում օդի տուրք սահմանել և ամեն հաճախորդից միայն բանկ մտնելու  համար 100 դոոլար գանձել:

«Դուք շատ պարզ ասում եք հետևյակը՝ եթե վարկառուն վարկ է վերցրել ու վարկը պետք է հետ վերադարձնի, նա պետք է ավելի գումար վճարի: Նա եթե վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած  մայր գումարի համար: Եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք՝ բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10-15 օր հետո բանկը պետք է կարողանա նոր վարկառու ներգրավել, այդ օրերի գումարը ես պետք է վերցնեմ, որ բանկը չտուժի: Բա քաղաքացի՞ն»,- ասաց Հակոբ  Հակոբյանը: Նա նկատեց, որ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը չի լսում իրեն: «Չի լսում, է, չի լսում»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ նախագծով ԿԲ-ն պահում է բանկերի շահը: «Հո ես չեմ ասում բանկի շահը չպաշտպանենք, բայց առաջինը պետք է քաղաքացու շահը պահենք, որովհետև այս կամ այն կերպ մենք այս տարիներին կարողացել ենք բանկի շահերը պաշտպանելու միջոցով այդ համակարգը զարգացնել: Էդ դեպքում բերեք ասենք, որ ով մտնում է բանկ, թող 100 վճարի, որովհետև բանկի օդն է շնչում:

Իսկ լողացող տոկոսադրույքը նշանակում է, որ քաղաքացին շուկայական տոկոսադրույքով բանկից վարկ վերցնելով՝ դրանից հետո կիսում է բանկի ռիսկերը ապագա գործողությունների համար»,- ասաց պատգամավորը:

Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս քննադատեց նախագիծը:

«Ասում են՝ քաղաքացի, եթե հանկարծ քո վիճակը լավացել է և դու տանում ես ժամկետից շուտ քո վարկերը մարում ես, դու պետք է շքեղության հարկ տաս, որ վիճակդ լավացել է, բանկին պետք է տուրք տաս, որ բանկի հնարավոր շահույթների մեխանիզմը խախտել ես: Եվ զեկուցողը  զարմանում է, որ մենք այստեղ քաղաքացու շահն ենք պաշտպանում: Մենք ասում ենք, որ եթե քաղաքացին հնարավորություն ունի պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չպետք է ասել՝ ստոպ, դու դրա համար պիտի նալոգ վճարես: Այս համակարգը ամբղջապես պետք է վերանայվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ներսես Երիցյանն արձագանքեց, որ որոշ պատգամավորներ մոլորեցնում են մարդկանց, որ այս նախագծի դրական կողմերը չտեսնեն:

Նա ասաց, որ Հայաստանում տոկոսադրույքների մասով ավելի խիստ սահմանափակումներ կան, քան աշխարհի այլ երկրներում: Այնպես չէ, որ ով ինչ տոկոսադրույք ուզի, կսահմանի: «Լողացող է, թե ֆիքսված է, երկուսն էլ շուկայական տոկոսադրույք են: Լողացողն ավելի շուկայական է, քան ֆիքսվածը: Ամբողջ աշխարհում վեց տոկոսից մինչև 30-50 տոկոս տոկսադրույք կա, զարգացած երկրներ կան, որտեղ 500 տոկոս տոկսադրույք կա: Մեր մոտ խիստ սահմանափակումներ են»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը