2014թ. շոկից հետո աստիճանաբար իջեցրել ենք տոկոսադրույքը. ԿԲ փոխնախագահ

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 12:40

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բոլոր վարկերի առումով տոկոսադրույքների 4-5 տոկոս նվազում է արձանագրվել: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Տոկոսադրույքները նվազել են, որովհետև գնաճը մեր երկրում ցածր է և գնաճային սպասումները մեր կանխատեսումային հորիզոնում մնալու են ցածր: Արդեն 1 տարի է մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի 6 տոկոսի մակարդակի վրա ենք և 2014թ. շոկից հետո աստիճանաբար իջեցրել ենք տոկոսադրույքը մինչև այսօրվա մակարդակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Երիցյանը:

Նա հավելեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու ԿԲ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ տոկոսադրույքի նվազմանը սկսել են արձագանքել նաև առևտրային բանկերը: 

«1.5-2 տարվա ժամանակաշրջանի տարբերությամբ նաև բանկերի վարկավորման տոկոսադրույքն է սկսել արձագանքել: Վերջին 1 տարվա կտրվածքով մենք 4-5 տոկոս նվազեցում ենք ունեցել բոլոր վարկերի առումով»,- եզրափակեց Ներսես Երիցյանը:

Ամենաընթերցվածը