«Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա». Շարմազանովի պատասխանը Բագրատյանին

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 12:07
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում հրավիրած ճեպազրույցում անդրադարձել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Հայ առաքելական եկեղեցու մասին ֆեյսբուքյան գրառմանը:

Ըստ Շարմազանովի՝ Բագրատյանն աղավաղում է փաստերը: «Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ եմ և գտնում եմ, որ դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր տեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է: Եվ եթե դնում ենք առաջնահերթությունները, ամենավերևը Աստված է, հետո մեր հայրենիքը: Հիմա, եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ մենք քրիստոնեությունն ընդունել ենք քաղաքական նպատատակահարմարությունից ելնելով, սա իր խնդիրն է»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Հրանտ Բագրատյանը վտանգավոր հայտարարություն է անում, երբ ասում է, որ երկու անգամ հայ եկեղեցին կամավոր կործանել է հայոց պետականությունը:

«428 թվականին, եթե հայ իշխանների և հայ հոգևոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը և որն ամեն ինչ արել է, որպեսզի պետությունը պահպանվի, դա եղել է սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսը: Երկրորդ, եկեղեցին մեզ հետ միասին պայքարել է, ժողովրդի պայքարն է գլխավորել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Ավարայրի ճակատամարտում: Երրորդ սխալն այն է, որ ասում է՝ 428-652 թվականներին որևէ արտաքին սպառնալիք չունենալով՝ մենք պետություն ենք կորցրել: Սա կատարյալ անգրագիտություն է: Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Հռոմի միջև, իսկ 591 թվականին՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ եթե Հրանտ Բագրատյանը նպատակ ունի սեպ խրել եկեղեցու և պետության միջև, չի ստացվելու: Եկեղեցին, նրա խոսքով, որևէ կապ չունի մեր պետականության կորստի հետ: Շարմաազանովն ասաց, որ միտում է տեսնում Հրանտ Բագրատյանի հայտարարություններում: «Չի կարելի այդ բոլշևիկյան ու կոմունիստական կեղծ մտածելակերպով այսօր գալ ու մեկնաբանել հայոց պատմությունը: Ի՞նչ եք ուզում եկեղեցուց: Ձեռքներդ հեռու պահեք եկեղեցուց, ազգն ու եկեղեցին միասնական են»,- ասաց նա:

Անդրադառնալով այն մտքին, որ երկրում ներդրումներ չկան, զարգացում չկա, բայց անընդհատ եկեղեցիներ են կառուցվում, Շարմազանովը նշեց. «Ես կողմ եմ եկեղեցիներին, որովհետև եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում է ու ստանում դրական էներգիա: Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Ասենք, մեր երկրի պրոբլեմների համար եկեղեցինե՞րն են մեղավոր: Ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է»:

Հարցին, թե կարծես պաշտոնյաները մեղքերն են քավում՝ եկեղեցիներ կառուցելով, Շարմազանովը պատասխանեց. «Մեղքերը միայն Աստծո մոտ են քավում, ոչ թե եկեղեցի կառուցելով: Իսկ ո՞վ մեղավոր չէ»:

Դիտարկմանը, որ եկեղեցու փոխարեն լավ կանեն ներդրումներ անեն երկրում, տնտեսությունը զարգացնեն, նա պատասխանեց. «Եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացմանը: Եվ ձեռքներդ հեռու պահեք հայ եկեղեցուց»:

Շարմազանովը վրդովվեց հարցից, որ ըստ Սահմանադրության՝ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, բայց այսօր այն մուտք է գործել բանակ ու դպրոց:

«Լավ ա, արել, բա ի՞նչ պետք ա անի: Բա կարո՞ղ ա աղանդավորական շարժումներն անեն: Եկեղեցին մեր սուրբ եկեղեցին ա, և պետք ա եկեղեցու ժամերն ավելացնեն դպրոցներում: Ու ոչ միայն դպրոցում, բուհում էլ, ձեր շրջապատում էլ»,- ասաց նա:

Բանակում ևս, նրա խոսքով, պետք է եկեղեցու ներկայությունը մշտապես լինի, դա իրավունքների խախտում չէ: «Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա: Եկեղեցին պետք ա քարոզի ու շատ ճիշտ ա, որ բանակում Հայր մեր-ով են սկսում: Հլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ մեք կարողանանք ունենալ այդ հոգևոր զարթոնքը»,- հավելեց նա:

Ամենաընթերցվածը