Էլ ինչ ստորություն կարելի է անել

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 09:43
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը աղմկոտ հայտարարություն է արել, խոսելով ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին ու այդ համատեքստում անդրադառնալով անվտանգության խնդիրներին:

«Այդպիսի հարց բարձրացրողներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում պաշտպանություն և զինված ուժեր: Եթե մեզ թվում է, թե միայն զինվորներն են հաղթում դատարկ ձեռքերով, չարաչար սխալվում եք: Մեր զինվորների հերոսության վրա որևէ մեկը չի կասկածել: Բայց եթե մենք չունենանք համապատասխան ռազմական միջոցներ, դժվար է միջնադարյան զինատեսակներով այսօր պայքարել թշնամու դեմ»:

Հարցին, թե եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, զինատեսակներ չէր ունենա՞, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ԵՏՄ մտնելով ենք կարողացել այդ հարցը լուծել: Լրագրողների ճշտող հարցին՝ ռուսական աջակցությա՞մբ ենք հաղթել ապրիլյան պատերազմը, Արմեն Ռուստամյանը փաստացի դրական պատասխան է տվել:

Հիշվում է՝ ապրիլյան պատերազմից հետո Արմեն Ռուստամյանի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանն ասում էր, որ հայերը կռվում էին 80-ականների զենքով: Թերեւս միայն Արմեն Ռուստամյանին չի հայտնի, որ Ռուսաստանը ձգձգեց ժամանակակից զինատեսակների մատակարարումը Հայաստանին, ընդ որում՝ հենց ԵՏՄ մտնելուց հետո, դրանով առավելություն տալով Ադրբեջանին, որը պետք է Ղարաբաղում իրականացներ ռուս-ադրբեջանական ծրագիրը:

Այդ ծրագիրը տապալվեց հենց հայ զինվորների ու սպաների դիմադրության շնորհիվ, ապրիլյան օրերին էլ մամուլը հեղեղված էր նրանց սխրանքի, անհավասար պայմաններում քաջագործությունների մասին:

Միայն այդ պլանի տապալումից հետո ռուսները սկսեցին ժամանակակից զինատեսակներ մատակարարել Հայաստանին:

Արմեն Ռուստամյանը երեւի տեղյակ չէ, որ Ղարաբաղյան պատերազմ կոչվածն ըստ էության հայ-ռուսական պատերազմ է, ավելի ճիշտ՝ հայերի պատերազմը ռուս-ադրբեջանական դաշինքի դեմ: Այդպես էր թե 1990-ականների սկզբին, թե ապրիլյան օրերին: Ընդ որում, 1990-ականներին Ռուսաստանը հայերի դեմ պատերազմում էր անմիջականորեն, իրականացնելով երկու պատժիչ արշավ ու ահռելի կորուստներ պատճառելով: Հայերը հաղթեցին այն բանից հետո, երբ ռուսական բանակը հեռացավ տարածաշրջանից:

Չի կարելի ամեն ինչ պղծել, այն էլ այս օրերին, երբ հայ հանրությունը պատմա-քաղաքական կարծրատիպերից ձերբազատման փուլում է: Չի կարելի սեփական զինվորի ու սպայի սխրանքը փռել ուրիշների ոտքերի տակ: Առավել եւս, որ ապրիլյան պատերազմին ռազմա-քաղաքական իրավիճակը հանգեց հայկական իշխանական-քաղաքական դասի, այդ թվում ՀՅԴ-ի հանցավոր քաղաքականության արդյունքում:

ՀՅԴ-ի պարագան առավել եւս կարեւոր է, քանի որ այս կուսակցությունը հանրության մեջ ասոցացվում էր ազգային-ազատագրական պայքարի հետ: Բայց ՀՅԴ ղեկավարությունը վաղուց վեր է ածվել մանր կրպակավարների խմբակի, որը Հայաստանում երկու տասնամյակ դեսուդեն է ընկնում՝ որեւէ կոալիցիայի կամ խմբավորման մեջ խցկվելու համար՝ միայն թե փող ու կերակրատաշտ լինի: Կերակրատաշտը կա, գոնե լռեն եւ ուտեն, բայց չէ՝ պիտի արդարանան, թե ինչու են հայտնվել այնտեղ:

Երեւում է՝ հաջորդ փուլում էլ երբեմնի հեղափոխական կուսակցությունը հիմնավորելու է Ղարաբաղը հանձնելու անհրաժեշտությունը:

Ամենաընթերցվածը