ԵԼՔ խմբակցությունը հանդես է գալիս մի շարք նոր առաջարկություններով

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 18:40
ԵԼՔ խմբակցությունը փողոցների անվանափոխությունից զատ հանդես է գալիս այլ առաջարկություններով և նախաձեռնություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ամփոփելով իրենց 100-օրյա գործունեության արդյունքները և ներկայացնելով առաջիկա անելիքները։

«Մեր գործունեության հետ կապված կարևորել եմ երկու կետ. «Կարմիր գծեր»-ի վճարումների համար հաղորդագրություններ ուղարկելու փոփոխությունն ի վերջո կանխվեց։ Գտնվեց այն ձևաչափը, որն իրականացվեց մեր առաջարկությամբ և, եթե այսօր համադրենք մեր կողմից արված առաջարկությունը քաղաքապետին և ստացված լուծումը, ապա կարող ենք տեսնել, որ այն ամբողջովին համահունչ է»,- նշեց Խաժակյանը։

Նրա խոսքով, ԵԼՔ-ը ներկայացրել է Երևանում տեղական ինքնակառավարման օրենքի փոփոխության շուրջ բազմաթիվ առաջարկություններ, քանի որ այն դեռևս թերի է և կան կարգավորումներ, որոնք մնում են քաղաքապետի հայեցողությանը։ Դավիթ Խաժակյանն ընդգծեց՝ բնական է, որ շատ հաճախ այդ հայեցողությունը չի համընկնում ընդդիմադիր խմբակցության շահերի հետ։

«Փողոցների անվանափոխության նախաձեռնությունը շարունակում է մնալ ակտուալ և մենք շարունակում ենք այն կարևորել այնպես, ինչպես մեր մյուս նախաձեռնությունները։ Շուտով հանդես ենք գալու նոր առաջարկով, որը վերաբերելու է Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակին։ Պետք է ցույց տանք, թե ինչպես կարելի է կրճատել հաստիքացուցակը՝ օպտիմալացնելով բյուջեն»,- ընդգծեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը։

Տրանսպորտի բարելավման վերաբերյալ նա նշեց, որ այս շաբաթ կկայանա դրա շուրջ հաջորդ քննարկումը։

«Մենք ներկայացրել ենք առաջարկությունը, թե ինչպիսին պետք է լինի միասնական տոմսային համակարգը։ Մենք համարում ենք, որ քաղաքացին չպետք է  մի քանի ուղևորափոխադրող տրասնպորտից օգտվելուց հետո վճարի կրկնակի»,- ասաց Խաժակյանը։

Ամենաընթերցվածը