Է թող մնան, պայքարեն պաշտոնյաների դեմ, ինչի՞ են գնում. ՀՀԿ պատգամավոր

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 17:02
«Իսկ ո՞վ ասաց, որ մենք արտագաղթի խնդրով չենք զբաղվում ու իրավիճակը չենք վերլուծում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կողմից ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությանն ու հանձնաժողով ստեղծելու առաջարկին: «Ստեղծե՞լ են նման հանձնաժողով: Ես առաջարկում եմ մենք հիմա գնանք լուսնի վրա: Եթե Ֆարմանյանն ուզում է այդ հարցով զբաղվել, քավ լիցի, թող զբաղվի: Դա վատ է, թե՞ լավ: Իհարկե, լավ է»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, որ 1991 թվականից մինչև այսօր Հայաստանում արտագաղթի ու ժողովրդագրական խնդիրների առումով իրավիճակը լուրջ է, բացառությամբ 2005-2006 թվականները, երբ մի փոքր մեղմացել էր իրավիճակը: «Իսկ ձեզ թվում է, թե իշխանությունը չի ուզո՞ւմ լուծել այդ հարցը կամ չի փորձե՞լ լուծել: Ոչ, փորձել է, ուզում է, նպատակը կա, բայց գործիքները, որոնք անհրաժեշտ են, այդ գործիքները մենք չունենք»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ավելի լավ չէ՞ իշխանությունները հեռանան և տեղը զիջեն խնդիրները լուծողներին, Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև չեն կարող»:

Հարցին, թե որն է լուծումը, երկիրը պետք է շարունակի դատարկվե՞լ, ՀՀԿ-ական պատգամավորը նման պատասխան տվեց. «Դուք իրենց հարց տվե՞լ եք, թե ինչո՞ւ են գնում»: Դիտարկմանը, որ անարդարության պատճառով են գնում, պաշտոնյաները հարստանում են, իսկ մարդիկ աղքատանում, այդ պատճառով են գնում, Հակոբյանը պատասխանեց. «Է թող մնան, պայքարեն պաշտոնյաների դեմ, ինչի՞ են գնում: Որ գնացին, պաշտոնյաները չեն հարստանա՞: Ընտրություններն արդեն չեն կեղծվում: Ինձ պատասխան տվեք՝ որ գնացին, պաշտոնյաները չեն գողանա՞: Այսինքն՝ հակառակը, պետք է մնալ ու պայքարել նման պաշտոնյայի դեմ: Ինչպես է հասարակությունը պայքարում գողացող պաշտոնյաների դեմ, Ռուսաստանո՞վ»:

Ամենաընթերցվածը