Ավագանու մեր խմբակցության ներկայացուցիչները ինչպես հարկն է, տեղն են դրել նրանց. Էդմոն Մարուքյան

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 16:43
Ելք դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանու ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներից ոմանց պահվածքին: Հիշեցնենք, որ ավագանու այսօրվա նիստն անցել է լարված մթնոլորտում, վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀԿ-ականների ու ընդդիմադիրների միջև:

«Նման դեպքերը դատապարտելի են, և ավագանու մեր խմբակցության ներկայացուցիչները ինչպես հարկն է, տեղն են դրել նրանց: Այն ոճով, որով իրենց պահում են ՀՀԿ-ականները, մերոնք այդ ոճով չեն էլ կարող նրանց տեղը դնել: Ինչո՞ւ, որովհետև ցիվիլ մարդիկ են, քաղաքակիրթ, և հենց դա է նրանց ու մեր միջև տարբերությունը: Հենց ՀՀԿ-ն պետք է իր ներսում քննարկի, իրենք իրենց կարգի հրավիրեն, այլապես դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ հարցերը պետք է ուղղել ՀՀԿ ներկայացուցիչներին, թե ում են բերել Հայաստանի թիվ մեկ քաղաքի ավագանու անդամ դարձրել: «Այս դեպքերը, որ տեղի են ունենում, կարծում եմ՝ մարդիկ խառնել են: Էն որ ասում են՝ խառնել եք, մենք կարծում ենք՝ խառնել են, չգիտեն ում հետ գործ ունեն»,- ավելեց նա:

Հարցին, թե ինչի՞ հետևանք է սա, Էդմոն Մարուքյանը նման պատասխան տվեց. «Մենք և ԵՏՄ մասին նախագծում ենք նշել, և ամենօրյա ռեժիմով տարբեր հետընթացներ արձանագրելով՝ ցույց ենք տալիս, որ երկիրը հետընթաց է ապրում: Տնտեսության ոլորտում, արտագաղթի ու գործազրկության ցուցանիշներով, մարդկանց պահվածքով, պաշտոնյաների պահվածքով, քաղաքական ու քաղաքացիական ազատություններով, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով հետընթաց կա: Այս բոլորը արձանագրվում են, սրանք իդիկատորներ են, որ երկիրը հետընթաց է ապրում: Եվ դա ունի շատ լուրջ խորքային հանգամանքներ: Երբ մենք ասում ենք, որ ԵՏՄ-ական ավանդույթներ են գալիս Հայաստան, նաև սրա մասին ենք խոսում»:

Ամենաընթերցվածը