ԵՏՄ-ն շուկա է, որտեղ կարող ենք իրացնել մեզ մոտ արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված ապրանքները. Վարդան Բոստանջյան

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 15:24
ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դրական չի վերաբերվում Ելք խմբակցության՝ ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Վարդան Բոստանջյանը:

«ՀՀ համար էս պարագայում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ինստիտուտը նպատակահարմար չէ: Մինչև անգամ ուզում եմ բոլոր իմաստավորողներին ու սուտի գնահատողներին ասել՝ ընդհանրապես մեր հաջողություններն ու անհաջողությունները չփնտրեք իբր ԵՏՄ-ում գտնվելու պարագայով: ԵՏՄ-ն վատագույն դեպքում մեր համար մի մեծ շուկա է՝ 180 մլն-ից ավելի, որտեղ կարող են իրացվել մեզ մոտ արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված ապրանքները: Այդ ապրանքները Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր շուկաներ»,- ասաց Բոստանջյանը:

Նրա խոսքով, բացի այդ, պետք է հաշվի առնել այն, որ ԵՏՄ անդամ երկրներում ապրում են 3 մլն-ից ավելի հայ մարդիկ, ստանում են եկամուտներ ու գումարները տրանսֆերտների տեսքով ուղարկում Հայաստան: «Հիմա որոշ ուժեր առաջարկում են, որ՝ եկեք այդ ծառի ճյուղը կտրենք: Է, կտրեք, բայց մենք պետք է մտածենք նաև մեր 3 մլն մարդկանց մասին, չէ՞»,- ասաց Բոստանջյանը:

Ըստ պատգամավորի՝ չպետք է մտածել, թե Հայաստանը որ միության կազում է, ԵՏՄ-ում, թե՞ Եվրամիությունում: «Ընդհանուր առմամբ, ես ասում եմ՝ դուք հարցերը բարձրացրեք այսպես՝ մեր երկիրն աշխատում է, թե չի աշխատում, գործազրկություն կա, թե չկա: Դուք դրա մասին խոսեք: Դուրս է գալիս, որ իբր թե ամեն ինչը հոյակապ է, հիմա մնացել է մենակ մի միություն մտնելը: Եվ պարզվում է, որ եթե հանկարծ այդ միություն չմտնեինք, հոյակապ կլիներ ամեն ինչը: Եվրոպական երկրներն էլ շնչահեղձ սպասո՞ւմ են մեզ, որ գնանք  էնտեղ հանգրվանենք»,- ասաց նա:

Հարցին, թե եթե ժամանակին Հայաստանը որոշեր Ասոցացման համաձայնագիրն ստորագրել, ոչ թե ԵՏՄ մտնել, ավելի լավ վիճակում չէր լինի՞ տնտեսությունը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ վատ չէր լինի: «Բայց ի՞նչ կհետևեր դրան: Դրանից հետո մեր եկամուտները կատաստրոֆիկ կբարձրանայի՞ն, միանգամից մենք կսկսեինք Մերսեդես արտադրե՞լ, ի՞նչ կլիներ»,- հարցադրում արեց նա:

Հարցին, թե ԵՏՄ կազմում Հայաստանի համար հետընթաց արձանագրե՞լ  է, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, չեմ տեսել: Ոչ առաջընթաց եմ տեսել, ոչ հետընթաց: Դուք ուզում եք, որ ես այնպիսի բաներ ասեմ, որ մարդիկ հուզվեն: Հիմա հուզվելու համար ձեզ ի՞նչ է պետք, որ ասեմ»:

Ամենաընթերցվածը