Ծիտն ու Տարոնը. Խուլիգանություն Երեւանի ավագանիում

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 15:08
Այսօր Երեւանի ավագանու նիստում միջադեպ է գրանցվել։ Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտ մականունով, Ելք խմբակցությունից Անահիտ Բախշյանի հասցեին դիմել է Անո, պարոն Բախշյան: Ելքի խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ սաստել է նրան՝ «Լսի, Ծիտ, այ տղա չի քո համար»: «Ծիտը քեռիդ ա է։ Ձենդ իջացրու, արա», հակադարձել է Ծիտը:

Նիստն անցել է լարված, Տարոնին անհարմար հարցեր են տվել Երկիր Ծիրանիի անդամները, օրինակ՝ միլիոնավոր դրամների կոնյակ գնելու համար, ու հարցրել՝ չարժե՞ր այդ փողն ուղղել սոցիալական խնդիրների: Ի պատասխան, ՀՀԿ խմբակցության մեկ այլ աստղ՝ տխրահռչակ Լեւոն Իգիթյանը, ծաղրել է նրան, որից հետո հհկ-ականները սկսել են հռհռալ, Տարոնն էլ հետները:

ՀՀԿ-ն նախորդ անգամ սովորել էր ավագանիում ընդդիմության բացակայությանը եւ իր կոռուպցիան անում էր անաղմուկ, առանց ավելորդ ջանքի: Հիմա միանգամից երկու ընդդիմություն կա, եւ գործը դժվարացել է: Անհարմար հարցեր են տալիս, ցույց տալիս կոռուպցիան, եւ բնականաբար հակադարձելու բան չկա, մնում է այն, ինչ կատարվեց այսօր: Իսկը՝ բռնված գողի, ընդ որում՝ կոլեկտիվ գողի արձագանք:

Թե ինչից է ուրախության ազդակ հղվել Տարոնի ուղեղից, եւ նա ծիծաղել է, դժվար է կռահել: Անահիտ Բախշյանի ամուսինը՝ Յուրի Բախշյանը, նրա հոր հետ միասին ՀՀԿ-ի առաջին կազմից էր, եւ ենթադրվում է, որ գոնե այս պատճառով Տարոնը տարրական հարգանք կունենար այդ առաքինի ու սրտացավ կնոջ հանդեպ ու ինքը կսաստեր Ծտին, ոչ թե կհռհռար:

Բայց Աշոտ Նավասարդյանից, Յուրի Բախշյանից հետո ՀՀԿ-ն համալրվել է հայ ժողովրդի ծոցից ելած այնպիսի նմուշներով, որոնց դեպքում մեղք է խոսել տարրական հատկանիշներից:

Ամենաընթերցվածը