Իսրայելի Կնեսետի փոխխոսնակին ԵՊԲՀ-ում դիմավորեցին իսրայելցի ապագա բժիշկները

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 13:30
Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն այցելեց բժշկական համալսարան:

Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությանը ԵՊԲՀ-ում սպիտակ խալաթներով առաջինը դիմավորեցին իսրայելցի ապագա բժիշկները:

Մեր երկիր ժամանած պատվիրակության կազմում են պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, բժիշկներ, լրագրողներ, ինչպես նաև համատեղ նախագծերով հետաքրքրված գործարարներ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծեց, որ նման հանդիպումները նպաստում են Հայաստանի և Իսրայելի միջև մի շարք ոլորտներում, մասնավորապես, առողջապահության ու բժշկագիտության բնագավառներում բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Ներկայացնելով առաջիկայում 100-ամյակը բոլորող բժշկական կրթօջախի պատմությունը՝ նա նշեց, որ այժմ բուհում բժշկական կրթություն է ստանում Իսրայելից ժամանած 8 քաղաքացի:

Հարուրամյա ճանապարհ անցած բուհի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական հաջողված գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում:

Ռեկտորը մեծապես կարևորեց հասարակական ֆորումի աշխատանքի շնորհիվ ձևավորվող գործնական ու մարդկային հարաբերությունները: Նրա գնահատմամբ՝ համալսարանական կյանքը լավ հարթակ է երկողմ գործակցությունն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկու երկրի միջև բժշկական կրթության զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին խոսեց նաև Հայաստանում ստացած բժշկական կրթության որակի վերաբերյալ մամուլում մի քանի ամիս առաջ տարածված տեղեկատվության մասին:  Նա նշեց, որ ըստ իր տեղեկատվության, այդ հայտարարությունը չի վերաբերում ԵՊԲՀ-ին, այլ խոսքը մասնավոր բուհերի մասին է: Հարցը իրավապահ մարմինների տիրույթում է: Հետաքննության ավարտից հետո, փոխխոսնակի հավաստմամբ, բոլոր խնդրահարույց հարցերը կպարզաբանվեն, տեղեկացնում են Բժշկական համալսարանից::

Ամենաընթերցվածը