Ինչու է իշխանությունը փոխում Հանրաքվեի մասին օրենքը

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 13:18
Ազգային ժողովը քննարկում է Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը: Գործող օրենքով Երևանում հանրաքվե անցկացնելու առաջարկի լիազորությունը տրված է Երևանի քաղաքապետին ու ավագանու խմբակցությանը: Նոր նախագծով կառավարությունն առաջարկում է այս իրավունքը տալ բացառապես քաղաքապետին ու ավագանու անդամների մեկ երրորդին, այսինքն՝ ավագանու 65 անդամներից 23-ը պետք է կողմ լինեն:

ԱԺ Ելք խմբակցությունը, որը Երևանի ավագանում ևս խմբակցություն ունի, դեմ է այս նախաձեռնությանը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ճնշում է մյուս խմբակցությունների նկատմամբ:

«Այս օրերին շատ հետաքրքիր է, ԵՏՄ-ից դուրս գալուն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել մեր խմբակցությունը: Եվ հիմա լրագրողները, բոլորը, մյուս խմբակցությունների անդամները կպած ասում են՝ մեկ է, չի անցնելու, ինչո՞ւ են ներկայացրել: Այս դեպքում էլ մեկ ա, էլի մի նախաձեռնություն է լինելու, որը չի անցնելու՝ ձեր այսօրվա ուժերի համամասնությունը հաշվի առնելով: Ինչո՞ւ եք անհանգստացած հանրաքվեի հարցը Երևանի ավագանու խմբակցությանը վերապահելու հարցով: Ինչո՞ւ եք ուզում դա մկրատով կտրել, շատ պարզ պատճառով է արվում, որովհետև այդ քաղաքական նախաձեռնությունները ստեղծում են քաղաքական օրակարգ, որի վերաբերյալ պետք է քննարկումներ լինեն, քաղաքական կյանք պետք է տեղի ունենա: Բոլորին ձեռք է տալիս՝ դե լավ, հանգիստ խաղաղ ապրենք, ոչ մի բան չնախաձեռնենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք կարծում են, որ Երևանի ավագանու առաջ այսօր ծառացած կարևոր հարցերից մեկն այն է, որ մայրաքաղաքի փողոցների անվանակոչության հարցը պետք է դրվի հանրաքվեի: «Ի վերջո հերիք է բոլորն իրենց կարծիքն ասեն, պետք է նաև ժողովուրդն իր կարծիքն ասելու հնարավորությունն ունենա»,- ասաց նա:

Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այս պահին Երևանի ավագանու Ելք ու Երկիր ծիրանի խմբակցությունները եթե միանան, չեն կարող ձայների մեկ երրորդն ապահովել, հետևաբար չեն կարող հանրաքվեի առաջարկով հանդես գալ, եթե այս նախագիծն ընդունվի: 

«Չպետք է այնպիսի դեմք ընդունել, որ սարսափելի բան չկա այստեղ: Մինչև ապրիլ ամիսը ինչ ասես կարող է փոխվել Հայաստանում Սահմանադրությանը համապատասխանեցնելու պատրվակով, մինչդեռ սա կապ չունի Սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ: Ավելին, մենք արձանագրել ենք, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը ռեգրես է ապրում, և տարբեր ոլորտներում իրավունքներն ու ազատությունները սահմանափակելով գնում ենք առաջ»,- ասաց Մարուքյանը:

Ամենաընթերցվածը