Արմեն Ռուստամյանը՝ Կարեն Կարապետյանի նոր շունչի մասին

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 12:57
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվան:

«Կարեն Կարապետյանի գալով մի նոր շունչ մտավ կառավարման համակարգի մեջ: Այն նորարարությունները, որոնք նա սկսել է իրականացնել, ժամանակ են պահանջում, որ դրանք լիարժեք տեսնենք մեր կենցաղում: Տեմպերը կարող են մեզ գոհացնող չլինել, բայց ուղղությունը, որը կառավարությունը վերցրել է և կառավարության ծրագրով ներկայացվել է, գրեթե 90 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին: Հայաստանն այս շրջափակված վիճակով, դեպի ծով ելք չունենալու պայմաններում ինչպե՞ս պետք է իր սեփական ռեսուրսը ձևավորի: Սա է մեր գլխավոր հարցը լինելու, և ես կարծում եմ, որ բռնած ուղղությունը ճիշտ է, և Հայաստանը կամաց-կամաց դուրս է գալու այս ճգնաժամից»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ՀՅԴ-ն կցանկանա՞, որ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել նաև 2018 թվականից հետո, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իրենց համար կարևորն այն գաղափարներն ու ծրագրերն են, որոնք պետք է շարունակություն ունենան: Անձերի հարցը երկրորդական է:

«Դրա համար մենք ընդունել ենք կառավարության ծրագիր, որը 2018-22 թվականների հետ է կապված, անձի հետ կապված չէ: Թե ով կլինի իրականացնողը, իհարկե, մեզ համար կարևոր է, որ նա հոգով ու սրտով այս գործը լիարժեք կարողանա իրականացնել: Բայց այդպիսի մարդիկ շատ կան, և այդ առումով մեզ համար անձն այդքան կարևորություն չունի»:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն այսօր իմաստ չի տեսնում, որ վարչապետի իր թեկնածուին ներկայացնի, քանի որ կոալիցիոն համաձայնագրով այդ տեղը վերապահված է ՀՀԿ-ին:

Ամենաընթերցվածը