«Եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ինքն անպայման կլինի»

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 11:33
Սերժ Սարգսյանը կորոշի, թե ով է լինելու 2018 թվականի վարչապետի թեկնածուն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

“ՀՀԿ-ն այսօր իշխող կուսակցություն է, Ազգային ժողովը 2018 թվականից դառնալու է համար մեկ օրենսդիր պետական կառավարման մարմինը: Եվ ՀՀԿ-ն՝ որպես առաջին քաղաքական ուժ ԱԺ-ում, իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ որ կավարտվեն հանրապետության նախագահի լիազորությունները”, ասաց Հակոբ Հակոբյանը:

Հարցին, թե Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել հաջորդ վարչապետի թեկնածուն, նա պատասխանեց. “Ես էլ կարող եմ լինել, բոլորն էլ կարող են լինել: Կուսակցությունը կունենա որոշում, եթե Սերժ Սարգսյանը ուզենա, ինքն անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը: Եվ տվյալ պարագայում կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատուն”:

Նա նշեց, որ, այո, Սերժ Սարգսյանը կորոշի, քանի որ նա է կուսակցության ղեկավարը: Ըստ Հակոբյանի՝ վարչապետի երկու թեկնածու չի կարող լինել, քանի որ ՀՀԿ-ն մեկ որոշում է կայացնելու: Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը միանձնա որոշի, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, ՀՀԿ-ականները բոլոր կո՞ղմ կլինեն, Հակոբ Հակոբյանը պատասխանեց՝ իհարկե:

Նա միաժամանակ նշեց, որ հաջորդ վարչապետն այլ լիազորություններ է ունենալու, որովհետև նոր Սահմանադրությունն է ուժի մեջ մտելու:

Նա խուսափեց պատասխանել հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վաչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին:

“Այն ցուցանիշները, որոնք այսօր շրջանառության մեջ են դրվել, բոլորը նախնական են: Որպեսզի կարողանանք վարչապետի աշխատանքի նախնական գնահատականը տանք, պետք է ունենանք վերջնական ցուցանիշներ: Շատ պարզ է, համեմատում ես պետական բյուջեում կամ քաղաքական ծրագրում ունեցած պարտավորությունները և բյուջեի ձեռք բերած փաստացի կատարողական ցուցանիշները: Դրանից վարչապետի աշխատանքի գնահատականը պարզ է դառնում”, ասաց Հակոբյանը:

Ամենաընթերցվածը