Իրարանցում դատական համակարգում. Դատավորներին հանձնում են

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 10:01
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին սպասվող կառուցվածքային եւ կադրային փոփոխություններին ընդառաջ դատական համակարգում կրքերը չեն հանդարտվում։

Թեեւ դեռ սեպտեմբեր ամիսն է, սակայն բազմաթիվ դատավորներ, ոտուձեռ ընկած, «կռիշ» են ման գալիս, ինչն այժմ դժվար է, քանի որ դեռ հայտնի չէ, թե մինչեւ ապրիլ ով կմնա դատարանների ղեկավար կազմում, այնպես որ՝ ամենից ճիշտն ուղիղ «առաջինի» հետ հարաբերվելն է։

Այս առումով առավել ցայտնոտային վիճակում է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության մասին լուրերը տարիներ ի վեր շրջանառվում են, սակայն նա համառորեն մնում է։ Դատավորները նեղսրտած պատմում են, որ Մկրտումյանն իրենց «տեր չի կանգնում»։

Ասենք՝ ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանը նրան է ուղարկում դատավորների ցուցակ, Մկրտումյանը բոլորին ուղարկում է ՀՔԾ՝ հարցաքննվելու։

Խոսքը դատական վճիռների կատարման վերաբերյալ հայտնի գործի մասին է, որոնցով, 2008 թվականից սկսած, բազում գործերով կատարողական թերթիկների բացակայություն է հայտնաբերվել։ Այս գործի մասին «Հրապարակն» ավելի վաղ հայտնել էր։ Հայտնաբերվել է, որ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանել է, մարդը վճարել է տուգանքը, սակայն հայտնի չէ՝ այն պետբյուջե հասել է, թե ոչ, քանի որ կատարողական թերթիկները չկան։

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տասնյակ դատավորներ են հարցաքննվել: «Փոխանակ դատավորների թիկունքին կանգնի, այն էլ՝ այս փուլում, երբ կոռուպցիայի դեմ պայքարն սկսվում եւ ավարտվում է դատավորներին բռնելով, ով կարողանում՝ ինքնահաստատվում է մեր համակարգի վրա, ինքն էլ դարձել է Շահինյանի քարտուղարը։ Վստահ ենք՝ եթե այսօր, վաղը նախագահը կանչի ասի՝ վերջ, դատավորների աշխատավարձը պետք է լինի հազար դրամ, ինքը կասի՝ իհարկե, նախագահ ջան, խնդիր չկա»,- նեղսրտած պատմում էր մեր աղբյուրը»:

Ամենաընթերցվածը