Սերժ Սարգսյանը խոսել է Պուտինի մասին ու արագ հեռացել

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 08:34
Հրապարակ թերթը գրում է. «Ուրբաթ օրը կայացած այս քաղաքական սեզոնի ՀՀԿ ԳՄ առաջին նիստը տեւել է ընդամենը մեկ ժամ։ Ներկա է եղել ողջ ծերակույտը, այդ թվում եւ՝ տեւական ժամանակ բացակայած Կարեն Կարապետյանը։ «Բացակա էր միայն Արմեն Աշոտյանը, որը ԵԺԿ-ի եւ Եվրանեստի գործերով Եվրոպայում էր»,- ասաց ԳՄ անդամը: Նիստի առանցքային հարցը եղել է Պուտին-Սարգսյան հանդիպումը. Սերժ Սարգսյանը ծանր ու մեծ պատմել է հանդիպման մասին, ասել, որ իրենց բոլոր հանդիպումները ջերմ են անցնում, սակայն այս մեկն առանձնացել է։ Թե ինչու` չի մեկնաբանել։ Ծերերը գլուխները տմբտմբացրել են, որովհետեւ թե՛ Վլադիմիր Վլադիմիրովիչը, թե՛ Սերժ Ազատիչը «կաղ բադիկներ» են, ավարտում են իրենց «սռոկը» եւ լիքը ընդհանուր հարցեր կարող էին ունենալ: Նիստին տեղական ինքնակառավարման «պապկայով» ներկա է եղել կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը, որը զեկուցել է նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը. առանձին քաղաքների մասով որոշվել է, թե ՀՀԿ-ն կոնկրետ ում թեկնածությունն է պաշտպանելու: Ապա խոսվել է նոր մեկնարկող ԱԺ նստաշրջանի մասին. իրար հերթ չեն տվել Արա Բաբլոյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մինասյանը: Սակայն ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի մասին` ոչ ձեն, ոչ ծպտուն: Ի դեպ, այս անգամ Սերժ Սարգսյանը ծերերի հետ ԳՄ-ից հետո ավանդական «տետ ա տետ» հանդիպումներ չի ունեցել՝ շտապելիս է եղել»:

Ամենաընթերցվածը