«Գենետիկ ինժեներիան ոչ հեռվից ա ուտում, ոչ մոտիկից». Քննարկում ԱԺ-ում

  • Ներքին կյանք - 11 Սեպտեմբերի 2017, 16:17
Ազգային ժողոը քննարկում է օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ գենետիկ ինժեներիայի գործունեության համար այսուհետ լիցենզավորում է իրականացվելու:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, փորձում էր պատգամավորներին բացատրել, թե ինչ ասել է գենետիկ ինժեներիա:

Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ նախագծում չի ձևակերպում, թե ինչ է գենետիկ ինժեներիան: “Ասում են՝ դե գիտությունը սահմանել է գենետիկ ինժեներիան, մենք էլ ինչ սահմանենք: Բայց տեսեք, ՀՀ օրենսդրությամբ ահագին մեծ պարբերությամբ սահմանված է, թե ինչ է անատառը: Մեր օրենսդրության մեջ սահմանաված է, թե ինչ է դեղը, բայց բոլորս գիտենք, թե ինչ է դեղը: Մեր օրենսդրության մեջ սահմանված է, թե ինչ է ընդերքը, ջրային ռեսուրսները, էլ չեմ ասում, որ լուրջ բանավեճ է գնում, թե հաշմանդամություն ունեցող անձը ով է: Հիմա, մեր օրենսդրության մեջ անտառը սահմանել ենք, բայց ասում ենք՝ գենետիկ ինժեներիան ինչ է, որ մի հատ էլ պետք է սահմանենք”,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորը նշեց, որ այս քննարկումների համատեքստում “Սասունցի Դավիթ” էպոսը հիշեց:
“Երբ որ Դավթին ասում են՝ առյուծը եկել ա, ճամփեն փակել ա, հարցնում ա՝ առյուծն ի՞նչ ա, իմալ առյուծ: Ասում են՝ գազանների ջոջն ա առյուծ, մարդկանց կուտի: Ասում ա՝ հեռվից կուտի, թե՞ մոտենաս նոր կուտի: Հիմա ժողովուրդ ջան, եկեք հստակ սահմանենք, էս գենետիկ ինժեներիան հռվից ա ուտում, թե մոտենում ես, նոր ա ուտում”,- ասաց Փաշինյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին հորդորեց բացատրել. “Պարոն Հակոբյան, հլա պատմեք՝ էդ գենետիկ ինժեներիան հեռվից ա ուտում, թե չի ուտում”:

Հակոբ Հակոբյանն արձագանքեց. “Ուղղակի կարող եմ ասել, որ հարկավոր է Դավիթ դառնալ, նոր նման հարցի պատասխանել: Մենք էսօր Դավիթ չենք”:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը փորձեց հանգստացնել պատգամավորներին. “Ուզում եմ ասել՝ գենետիկ ինժեներիան ոչ հեռվից ա ուտում, ոչ մոտիկից ա ուտում”: 

Ամենաընթերցվածը