Սամվել Ֆարմանյանը՝ Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրների մասին

  • Ներքին կյանք - 11 Սեպտեմբերի 2017, 14:31
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր խորհրդարանում լրագորղների հարցին ի պատասխան անդրադարձել է դեմագրաֆիական խնդիրների լուծմանն ուղղված իր նախաձեռնությանը: Հարցին, թե այս նախագծով ՀՀԿ-ական պատգամավորն իշխանություններին մարտահրավե՞ր է նետում, նա պատասխանեց. «Ոչ, բացարձակ դա այդպես չէ: Ժողովրդագրական միտումները մեր երկրում իսկապես մգտահոգիչ են: Ես նախաձեռնել եմ ընդամենը մի հանձնաժողովի ստեղծում, որը կարող է ներառել շահագրգիռ պատգամավորներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ փորձելու համադրելու բոլոր հնարավոր մասնագիտական ռեսուրսները»:

Ըստ Ֆարմանյանի՝ նախ պետք է գնահատել իրավիճակը, դրա միտումները, երկրորդ, նաև աշխարհի դեմոգրաֆիական միտումներից ելնելով՝ որոշել մեր հետագա անելիքները:

«Եթե մենք այսօր՝ որպես պետականություն, այս խնդիրներին լուրջ մոտեցում չցուցաբերենք, ինչպիսին էլ լինեն այսօրվա ու վաղվա իշխանությունների քայլերը, եթե դրանք ամբողջականության մեջ հարատև գծած ճանապարհով չեն գնում, չեն կարող հանգեցնել մեզ համար ցանկալի արդյունքների: Սա մեր պետականության համար շատ էական փորձաքար է»,- նշեց նա:

Պատգմավորն ասաց, որ դեմոգրաֆիական խնդիրները շատ ավելի բազմակողմանի գործոններով են պայմանավորված: Եվ առաջիկայում մասնագիտական աշխատանքն ուղղված է լինելու հենց այդ բազմակողմանի գործոնների համադրմանն ու ամբողջական պատկերացմանը:

Հարցին, թե հնարավոր կլինի՞ այս իրավիճակում ապահովել Սերժ Սարգսյանի նախանշած ցուցանիշը, այն է՝ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է լինի 4 մլն, Ֆարմանյանը պատասխանեց. «Ցանկացած պետության առաջնորդ միշտ ուրվագծում է, նախանշում է այն թիրախները, որին պետական իշխանությունը պետք է ձգտի հասնել: Եվ շատ հաճախ, երբ հանրապետության նախագահի կողմից հնչեցված որևէ գաղափար կամ միտք դիտարկվում է որպես իրականացման ենթակա և կոնկրետ չափելի, դա սխալ հետևություններ է տանում: Ես շատ ուրախ եմ, որ նախագահն ԱԺ-ում ունեցած իր ելույթում նախանշեց այդ թիրախը, և վստահ եմ, որ այդ նախանշումների տակ կան նաև մտածված որոշակի քայլեր կամ գործողություններ: Եվ ավելի կարևոր թիրախ առաջիկայում ՀՀ-ն չի էլ կարող ունենալ»:

Ամենաընթերցվածը