Ձորաղբյուրում կապիկը 3700 դոլար է գողացել․ նոր մանրամասներ զավեշտալի դեպքից. Hraparak.am

  • Ներքին կյանք - 16 Օգոստոսի 2017, 15:28
Օգոստոսի 14-ին զավեշտալի դեպք էր գրանցվել Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանում։

Պարկում գտնվող կապիկներից մեկը ճանկել ու գողացել է իր հետ նկարվել ցանկացող օտարերկրացի այցելուի դրամապանակն ու շպրտել այն ընձառյուծի վանդակը, փողերն էլ թափվել են հենց գիշատիչ կենդանու քթի տակ։ Դրամապանակում խոշոր գումար է եղել՝ դոլարներով։ «Ջամբոյի» Մերի անունով աշխատակցուհին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դրամապանակում մոտ 3700 դոլարի չափ գումար է եղել, որն այսօր արդեն ընկերության սեփականատեր Արտյոմ Վարդանյանը հանել է։

«Դեպքը եղել է մի քանի օր առաջ, արտասահմանցի հյուր ունեինք, նա հեպարդների ֆոնի վրա այդ փոքր կապիկի հետ ցանկացել է նկարվել, և կապիկն ուղղակի պահի տակ չարաճճիություն է արել, ձեռքը գցել հյուրի վերնաշապիկի գրպանից դրամապանակը հանել է ու գցել ներքև։ Ինքը փոքր լկստված կապիկ է»,-ասաց աշխատակցուհին։

Մեր կատակով հարցին, թե կապիկն ու ընձառյուծը փողերը կիսվե՞լ են իրար հետ կամ ընձառյուծը կարո՞ղ է փողերի մի մասը «տակով է արել», Մերին ասաց․ «Տակով անելը՝ չգիտեմ, բայց երեկվա անձրևից հետո չգիտեմ՝ փողերի լրիվ նորմալ վիճակում են, թե՞ ոչ»։

Թե ինչպես է հաջողվել սեփականատիրոջը մտնել ընձառյուծի վանդակն ու անվտանգ հանել փողերը, «Ջամբոյի» աշխատակցուհին ասաց, որ Արտյոմ Վարդանյանը պաշտպանիչ սաղավարտով և հագուստով է մի կերպ մտել հանել՝ ռիսկի դիմելով։ Մեր հարցին, թե եթե չկարողանային այդ գումարը հանել, ի՞նչ էին անելու և ընկերությունն առհասարակ նման դեպքերում որևէ պատասխանատվություն կրու՞մ է իր կենդանիների արարքների համար, Մերին ասաց, որ եթե չկարողանային հանել, հաստատ կվերադարձնեին գումարը։

Նա նաև ասաց, որ տեսանյութ ունեն նկարահանած, թե ինչպես է իրենց տնօրենը մտնում ընձառյուծի վանդակն ու հանում փողերը, և այն շուտով կհրապարակեն։

Ամենաընթերցվածը