Ինչու ընդդիմությունը չի միավորվի

  • Ներքին կյանք - 12 Օգոստոսի 2017, 15:08
Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին:

Այս փուլում Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները քաղաքական ուժերին միավորվելու կոչով են հանդես եկել: Արմեն Բադալյանն ասում է, որ միավորում տեղի չի ունենա, քանի որ ռազմավարությունն ու տակտիկան սխալ է ընտրված:

«Հենց այնպես ընդդիմադիր ուժերին չես միավորի, ինչ-որ ուղղվածություն պետք է լինի՝ միավորվել հանուն ինչ-որ բանի: Իհարկե, ընդդեմ միավորում նույնպես լինում է, բայց այսօր արդեն չի աշխատում ընդդեմ գործող նախագահի միավորվելու գաղափարախոսությունը: Պետք է միավորվել ինչ-որ տեղ գնալու համար, իսկ դրա համար նախ Ժառանգությունը պետք է հայտարարություն անի, թե ուր է ցանկանում գնալ՝ արևմտյան երկրների հետ ինտեգրացիոն համակարգի ուղղությա՞մբ, թե ռուսական ինտեգրացիոն համակարգի», ասաց Բադալյանը:

Ըստ նրա՝ կախված գնալու ուղուց, արդեն պարզ կլինի, թե որ ուժերը կմիավորվեն Ժառանգության առաջարկած պլատֆորմի շուրջ: Իսկ այն, որ մյուս ուժերը կարծես չեն շտապում արձագանքել Ժառանգության առաջարկին, Արմեն Բադալյանը բացատրում է հենց նրանով, որ հստակություն չկա:

«Միավորման հստակ ուղղություն պետք է ցուցադրվի, իսկ այսօր դա չկա»,- հավելեց նա:

Ըստ մասնագետի՝ այս հարցում կա նաև տակտիկական կողմը, թե ինչու այդ առաջարկը հաջողություն չի բերի:

«Նախքան քաղաքական ուժերին միավորելը պետք է որոշակի աշխատանքներ կատարվեն այդ ուղղությամբ, քաղաքական ու հասարակական դաշտում ինչ-որ գործընթացներ ու քայլեր  իրականացվեն, ինչը կարող է վստահություն ներշնչել այդ գործընթացի նկատմամբ: Այսինքն՝ ռազմավարական ու տակտիկական հարցերը պետք է լուծվեն, եթե դրանք լուծված չեն, միավորումը դառնում է զուտ խոսք և արձագանք չի ստանա», մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ քաղաքացիական հասարակությունն այս փուլում ակտիվ չէ, մասնագետն ասում է, որ քաղաքացիական հասարակության ձևավորումը բավական բարդ խնդիր է, այնպես չէ, որ ինչ-որ գործողության դեմ պայքարեցին, դրանով պետք է արդյունք լիներ:

«Դու պետք է ինստիտուտների վրա աշխատես, ոչ թե մեկ-երկու գործողությունների: Իսկ Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ ինստիտուտների կայացման ուղղությամբ աշխատանք չկատարեցին ակտիվիստները, ընդամենը որոշակի գործողություններ արեցին: Այսինքն՝ պայքարի ուղղվածությունն ի սկզբանե սխալ էր, դրանում բարդություն մտցրեց նաև այն, որ որոշ ակցիաներ ուղղորդվում էին նախագահականի կողմից», ասաց նա:

Ըստ Արմեն Բադալյանի՝ կարևոր է նաև, որ պետք է պայքարի ու գործողությունների երկարատև ժամանակաշրջան ընտրվի: Իսկ դրա համար պետք է համապատասխան գիտելիքներ ունենալ, դա մասնագիտական ու տեխնոլոգիական բարդ գործընթաց է, որը Հայաստանում բացակայում է: Պետք է նաև կոնկրետ ուղղվածություն ունենա քաղաքացիական հասարակության ձևավորումը՝ արևմտամետ ուղղվածություն:

«Ռուսաստանը քաղաքացիական հասարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և դու չես կարող քաղաքացիական հասարակություն ձևավորել՝ ինտեգրվելով ռուսական ինտեգրացիոն կառույցներին: Պետք է արևմտյան ինտեգրացիոն կառույցների հետ աշխատելով՝ որոշակի գործողություններ իրականացնել, դրսևորել կրեատիվություն, նախաձեռնողականություն՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ինստիտուտները», հավելեց նա:

Ամենաընթերցվածը