Եթե ՌԴ-ում վիճակը կտրուկ վատանա, կշահի հայ արտադրողը

    • Ներքին կյանք - 12 Օգոստոսի 2017, 13:57
Ռուսաստանի նմատմամբ սահմանված նոր պատժամիջոցների պատճառով Հայաստանի արտահանող ընկերությունները կարող են դարձյալ մեծ վնասներ կրել: Իսկ վնասները կզգացվեն արդեն հաջորդ տարվա գարնանը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Պատժամիջոցները շատ լուրջ ազդում են մեր ընկերությունների արտահանման ցուցանիշների վրա: Այո, կկրկնվի նախորդ սցենարը, չնայած պատժամիջոցները գինու շուկայի վրա ուղիղ ազդեցություն չունեն: Պատժամիջոցներն ազդում են երկու ճանապարհով, առաջին, որ իջեցնում են ռուս սպառողի գոնղունակությունը, երկրորդ, առնչվում են մեր գործընկեր առքուվաճառքով զբաղվող ընկերությունների հետ, որոնց ազատության աստիճանն է իջնում»,- ասաց մասնագետը:

Գինու և կոնյակի արտահանման շուկան, ըստ մասնագետի, նախորդ հարվածներից հետո այս փուլում արդեն կայունանում էր: Այս փուլում շարունակվում է արտահանման աճը, այն իներցիայով կշարունակվի մինչև հաջորդ տարվա գարուն: Իսկ 2018-ի գարնանից արդեն հայ արտահանողներն այսօրվա պատժամիջոցների ազդեցությունը կզգան: «Հետո արդեն կլինի դադար, և մենք կսկսենք մտածել, թե ինչ պետք է լինի»,- ասում է Ավագ Հարությունյանը:

Միության նախագահն անդրադարձավ նաև պատժամիջոցների պայմաններում ռուսական շուկայում վարվող քաղաքականությանը: Նրա խոսքով՝ պատժամիջոցների պատճառով այդ երկրում այլընտրանքային տարբերակների նկատմամբ սահմանափակումներ են դրվում, այսինքն՝ այս իրավիճակում փորձում են առավելություն տալ տեղական արտադրանքին, ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն այլ երկրների արտադրողների ազատ մուտքը ռուսական շուկա:

«Երկրորդ, իրենք փորձում են զարկ տալ իրենց ալկոհոլի արտադրության բոլոր բնագավառներում՝ լինի դա գինի, կոնյակ, թե օղի: Նախքան պատժամիջոցներն իրենց հիմնական նպատակն էր, որպեսզի մինչև 2025 թվականը Ռուսաստանն ամբողջովին բավարարեր ալկոհոլային խմիչքների ներքին պահանջարկը, ինքնաբավության հասներ: Հիմա այս պատժամիջոցներն ավելի են արագացնում այդ գործընթացը, որովհետև այս պայմաններում նրանք չեն ցանկանա շուկայի մի մասը տալ ուրիշներին»,- նշեց մասնագետը:

Այսինքն՝ ոչ միայն հայկական, այլեւ ԵՏՄ մյուս երկրների արտադրանքի համար ևս ռուսական շուկայում լուրջ խոչընդոտներ են ստեղծվում: «Սա կուղեկցվի տարբեր տեսակի զիջումներ պահանջելով՝ սկսած քաղաքական ինքնուրույնության ստատուսի նվազեցմամբ, վերջադրած տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ պահանջներով»,- հավելեց նա:

Ըստ Ավագ Հարությունյանի՝ այս վիճակը Հայաստանի համար շատ վտանգավոր է: Պատժամիջոցները Հայաստանի համար դրական կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք կտրուկ խորանան: Այսօր հայաստանյան գործարարները, նրա խոսքով, երկընտրանքի առաջ են՝ չգիտեն ռուսական շուկայում վիճակը կբարելավվի, թե ոչ, շարունակում են իներցիայով գնալ այդ շուկա: Եթե վիճակը կտրուկ վատանա, ապա կսկսեն արտահանման այլ շուկաներ փնտրել, և զարգացում կապահովվի:

«Այս տատանողական վիճակը վտանգավոր է, ավելի հարմար ռեժիմ է մեզ համար, եթե պատժամիջոցներ ընդհանրապես չլինեն կամ էլ կտրուկ խստանան դրանք», ասաց նա:

Հայ արտահանողները տարիներ շարունակ աշխատանք են տանում Ռուսաստանից դուրս այլ շուկաներ արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ: Ավագ Հարությունյանի խոսքով՝ այս գործում կարևոր է, որպեսզի արտերկրում գործող ՀՀ դեսպանատներն աշխատանք տանեն կոնկրետ երկրներում: Կարծես սայլը տեղից շարժվում է, կառավարությունը վերջերս նման որոշում ընդունեց: Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ երկու հիմնադրամ է ստեղծվել, որոնք ուղղված են գինու ու կոնյակի շուկաների խնդիրների լուծմանը:

«Լավ աշխատանք կատարվում է, հիմնականում միտումները դեպի լավն են գնում, փորձ է արվում Հայաստանի գինեգործական դեմքը փոխել, գրեթե ամեն տարի նոր արտադրող ու նոր որակ ենք ունենում: Մի խոսքով՝ հայ արտադրողները փոխվում են, և եթե Ռուսաստանը մեր նկատմամբ խիստ լինի, դրանից օգուտն ավելի շատ է, քան վնասը, որովհետև մենք ավելի որակյալ շուկաներ կփնտրենք, ավելի կխստացնենք մեր խաղողի ու գինու նկատմամբ պահանջները, որակը կբարձրացնենք: Կոնյակի նկատմամբ որքան խստացնեն պահանջները, այնքան կշահի մեր որակը, կողքից այլ բան չեն խառնի կոնյակին, կբարձրանա խաղողի արժեքն ու գյուղացիների կենսամակարդակը: Այսինքն՝ չկա չարիք առանց բարիքի: Ուղղակի մեզ համար ավելի շատ ձեռնտու է սանկցիաների բացակայությունը կամ խիստ լինելը, այս անցումային շրջանը լպրծուն ու լղոզված է, մարդիկ չեն կողմնորոշվում»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ ՌԴ-ից դուրս արտահանման երեք խոշոր ու հեռանկարային շուկաներ են բացվել աշխարհի համար, Հայաստանը պետք է քայլեր անի մտնելու այդ շուկաներ: Դրանք են՝ Չինաստանը, Լատինական Ամերիկան՝ ի դեմս Բրազիլիայի և ԱՄՆ-ն:

«Մենք նստել ենք հարստության վրա և չենք կարողանում այդ հարստությունը կառավարել, արտահանման մեծ պոտենցիալ ունենք, բայց ամբողջ ներուժը գնում է  կոնյակի արտադրությանը, իսկ կոնյակը դարձել է քաղաքական խմիչք շատ զգայուն քաղաքական գործընթացների ժամանակ: Դրա հետևանքով ընկնում ենք խորը ճգնաժամի մեջ, հետո տարիներով չենք կարողանում դուրս գալ: Իսկ գինին քաղաքական խմիչք չէ՝ դիմադրողականությունն ավելի բարձր է քաղաքականության հանդեպ», նշեց նա: 

Ամենաընթերցվածը