Կարեն Կարապետյանի կարեւոր ձեռքբերումը

  • Ներքին կյանք - 12 Օգոստոսի 2017, 09:47
Կիրակի՝ օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, կամ Խաղողօրհնեքը։ Դրան հաջորդող մեռելոցը՝ երկուշաբթի, աշխատանքային օր է:

Նախորդ Տաղավար տոնի՝ Վարդավառին հաջորդող մեռելոցը եւս Կարեն Կարապետյանը ոչ աշխատանքային օր չդարձրեց։

Մեռելոց-ոչ աշխատանքային օրերի պրակտիկան մտցրեց Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանն այն դարձրեց «մեկումեջ»: Կարեն Կարապետյանն արդեն երկու անգամ անընդմեջ ոչ աշխատանքային օր չի սահմանում: Արդյոք այս հարցում նա հետեւողական կլինի եւ վերջնականապես կվերացնի այդ պրակտիկան:

Ոչ աշխատանքային մեռելոցների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան, հանրային ակտիվ շերտերը դեմ են դրան, համարելով, որ դա խախտում է աշխատանքային բնականոն ռիթմը:

Բացի այդ, խնդիր է համարվում հանրային-պետական կյանքում եկեղեցու չափից ավելի ներկայությունը եւ մասնակցությունը: Շատերը գտնում են, որ եկեղեցու դերի մեծացումն ուղիղ համեմատական է պետականության թուլացմանը, եւ դրանում կա թե պատմական, թե քաղաքական ճշմարտություն ու փորձ:

Ի վերջո, զարգացած երկրների հաջողության գրավականներից մեկն էլ եղել է եկեղեցին պետությունից «անջատելը»: Դա բարեփոխումների պայմաններից մեկն է:

Կարեն Կարապետյանը հռչակել է բարեփոխումներ, սակայն արդյունքներ խոշոր հաշվով չկան, եւ առայժմ տեսանելի չէ, թե ինչ հիմքեր են ստեղծվում այդ բարեփոխումների համար, չի երեւում նաեւ տեսլականը՝ հստակ ու համակարգված:

Այս պայմաններում, նա կարող է անել գոնե նվազագույնը՝ ոչ աշխատանքային մեռելոցների պրակտիկան վերացնելով՝ եկեղեցին մի քիչ անջատել պետությունից: Դա կլինի բարեփոխումների ուղղությամբ փոքր, բայց կարեւոր քայլ:

Ամենաընթերցվածը