Հայաստանից հոսքը ՌԴ մեծանում է. Հայերը կձգեն գոտիները, բայց չեն վերադառնա

    • Ներքին կյանք - 11 Օգոստոսի 2017, 18:31
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հայ միգրանտների զանգվածային վերադարձի պատճառ չեն լինի: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նա իր այս կանխատեսումը հիմնավորում է նրանով, որ և 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, և 2014 թվականին, երբ ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել, աշխատանքային միգրանտների զանգվածային վերադարձ չարձանագրվեց: Դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ աշխատանքի մեկնած հայաստանցիներն այդ դեպքում ավելի շուտ գերադասում են խնայել գումարները, բայց չեն վերադառնում:

«Մարդիկ նոր միջավայրում, երբ որ վիճակները վատանում է, գոտիները ձգելու սկբունքով են շարժվում: Մտածում են՝ ճգնաժամ է, այսօր սկսվել է, վաղը կավարտվի, դրա համար համաձայնվում են նույն գործն ավելի ցածր գնով անել, բայց հետ չեն գալիս: Քիչ հավանական է, որ հետ գան, ամեն դեպքում այդպես ակնառու հոսք չի եղել, եթե լիներ, մեր հետազոտությունները ցույց կտային: Ավելին, 2008-2009 թվականներին ավելի մեծ ճգնաժամ էր Ռուսաստանում, այն ժամանակ էլ վատատեսական սցենարներ կային, որ հայերը կարող են տասնյակ հազարներով վերադառնալ Հայաստան՝ հաշվի առնելով այդ երկրում կրճատվող աշխատետեղերը, նաև այն, որ այն ժամանակ Ռուսաստանում կոչ էր արվում, որ պետք է առաջին հերթին աշխատատեղերը տեղացիները զբաղեցնեին: Բայց վերադարձողների հոսք չնկատվեց», ասաց նա:

Պատժամիջոցները, ըստ Եգանյանի, ավելի շատ բացասական կազդեն Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների վրա: «Բնականաբար, բացասական ազդեցություն կլինի, քանի որ պատժամիջոցներն անմիջապես ՌԴ տնտեսության վրա են ազդելու: Իսկ ինչքան տնտեսությունում ծավալների անկում լինի, այնքան աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորություններն էլ են նվազելու: Բայց այդ մասին վաղ է խոսել, քանի որ դա կախված է նրանից, թե ինչ չափի անկում կլինի այդ երկրի տնտեսությունում»,- ասաց նա:

Հայերի դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե պատժամիջոցներն ինչ չափով կազդեն շինարարության ոլորտի վրա: Ռուսաստան աշխատանքի մեկնող հայաստանցիների մոտ 65-70 տոկոսն աշխատում են շինարարությունում, և Եգանյանի խոսքով՝ պետք է սպասել ու տեսնել, թե այդ ոլորտում ինչ փոփոխություններ կլինեն:

Աշխատանքային միգրացիայի դինամիկան նախորդ տարիների համեմատ այս տարի էական չի փոխվել: Գագիկ Եգանյանի խոսքով՝ միգրացիոն հոսքերի ծավալները, երկրների աշխարհագրությունը մեծ փոփոխություն չեն կրել: Հայաստանից աշխատանքային միգրանտների 94-96 տոկոսը շարունակում է սեզոնային աշխատանքի մեկնել Ռուսաստան: Այս փուլում դեպի ՌԴ մեկնողների հոսքի նվազում չի նկատվում: «Տարիների ընթացքում այս հոսքը դեպի Ռուսաստան քանի գնում մեծանում է: Աշխատանքային միգրանտների գրեթե մի ուղղություն է դա դարձել», ասաց նա:

Ամենաընթերցվածը